՝՝Իրանը կշարունակի զարկ տալ հարստացված ուրան ստանալու աշխատանքներին եւ դրանց ծավալը կհասցնի այնպիսի մակարդակի, որը բխում է այս երկրի շահերից՛՛։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ այսպիսով անտեսելով Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ պարտադրաբար բերելու ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ջանքերը։ Հիշեցնենք, որ Թրամփը ցանկանում է 2Օ15 թվականին կնքված միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելով, Իրանի հետ կնքել փոփոխված պայմաններով համաձայնագիր։
՝՝Ուրանի հարստացման մակարդակը չի մնա 3.67 տոկոսի վրա։ Մենք մեր այս պարտավորվածությունը կդնենք մի կողմ՝ կախված նրանից, թե ինչ ծավալի ուրան է մեզ հարկավոր։ Հարստացման մակարդակն էլ կբարձրացնենք 3.67-ից՛՛, ասել է Ռուհանին։
Հիշեցնենք, որ Իրանն այս շաբաթ հայտարարեց, որ ավելի է մեծացրել ցածր մակարդակի հարստացված ուրանի իր պաշարները, քան նախատեսված էր միջազգային պայմանագրով։ Դրանից հետո էր, որ իր երկիրը պայմանագրից դուրս բերած ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, թե ՝՝Իրանը խաղում է կրակի հետ՛՛։
2Օ15 թվականի միջազգային պայմանագիրը ստորագրած երկրները երեքշաբթի օրը հայտարարել են, թե ՝՝մեծապես մտահոգված են գործարքը Իրանի կողմից ոտնահարվելու փաստի առնչությամբ։ Իսկ Իսրայելը հայտարարել է, թե կներգրավվի Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմական որեւէ հակամարտության մեջ։