Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածուների երկրորդ բանավեճը


ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածուների երկրորդ բանավեճը
please wait

No media source currently available

0:00 0:01:59 0:00

Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում չորեքշաբթի օրն անցկացված Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուների միջեւ առաջին բանավեճից հետո հաջորդ օրը տեղի ունեցավ մյուս տասը թեկնածուների միջեւ բանավեճը:
Նախկին փոխնախագահ Ջո Բայդընի խոսքերով, ինքը ձգտում է ղեկավարել այս երկիրը, քանի որ, ասում է նա, ‘’հարկավոր է վերականգնել պետության ոգին’’, որն ըստ նրա, ջնջվել է ներկա նախագահի գործողություններով: ‘’Նա մեր պատմության մեջ միակ նախագահն է, որը հավասարության նշան է դրել ռասիստների եւ սովորական ու արժանապատիվ ամերիկացիների միջեւ’’, ասում է Բայդընը:
Բայդընին, ըստ հարցումների, հաջորդում է Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը, ում խոսքերով, երկրի խնդիրները շատ ավելի խորն են, քան Թրամփին պարտության մատնելու հարցը:


‘’Ոչինչ այստեղ չի փոփոխվի, քանի դեռ չունենք ֆինանսական շուկաները, ապահովագրական համակարգը, դեղագործական արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերական համակարգը եւ հանածո վառելիքի արդյունաբերությունը մեր վերահսկողության տակ առնելու համարձակություն’’, ասում է Սանդերսը:

Վերադառնալով Բայդընին` պետք է նկատել, որ երկու ժամ տեւած բանավեճի ընթացքում նա հայտնվել էր պաշտպանական դիրքերում, երբ նրա մրցակիցները, մասնավորապես Կալիֆորնիան ներկայացնող սենատոր Քամալա Հարրիսը քննադատում էին նրան ռասսայական խտրականության կողմնակից սենատորների հետ տարիներ առաջ աշխատելու համար:


Բայդընն, ի պաշտպանություն, հայտարարում էր, թե հպարտությամբ է հիշեցնում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իր գործունեության մասին, այս երկրի առաջին սեւամորթ նախագահի տեղակալը լինելով:

‘’Ես դեռ վեց տարեկան էի, երբ Բայդընը հայտարարում էր, թե հարկավոր է ջահը հանձնել նոր սերնդին: Նա ճիշտ էր, սակայն 32 տարի անց էլ չի ցանկանում այդ ջահը հանձնել ավելի երիտասարդներին’’, Բայդընին մեղադրելով, հայտարարում էր երիտասարդ թեկնածու Էրիկ Սուոլուելը:

Երիտասարդ մյուս թեկնածուն, Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթ Բութիջիչը շեշտը դնում էր ներգաղթի հարցում Թրամփի վարած քաղաքականությունը քննադատելու վրա:
‘’Մի կուսակցություն, որն իրեն ասոցացնում է Քրիստոնեության հետ, լիովին կորցրել է կապն Աստծո հետ, երբ ներգաղթած ընտանիքներից անջատում է երեխաներին, ու հաճախ դնում վանդակների մեջ’’, ասում էր Բութիջիչը:

Հինգշաբթի օրվա բանավեճին մասնակցած դեմոկրատ մյուս թեկնածուներն էին Քոլորադո նահանգի սենատոր Մայքըլ Բենեթը, այս նահանգի նախկին կառավարիչ Ջոն Հիքենլուփերը, Նյու Յորքի սենատոր Քիրսթեն Գիլիբրանդը, գրող Մարիան Ուիլիամսոնը եւ գործարար Էնդրու Յանգը:

XS
SM
MD
LG