Մատչելի հղումներ

Զոհված ներգաղթյալների լուսանկարները ցնցել են ամերիկյան հանրությանը


Մամուլում շրջանառվող սալվադորցի ընտանիքի անդամների լուսանկարները, ովքեր զոհվել են ԱՄՆ անօրինական ներգաղթի ճանապարհին, հանրային լայն արձագանք ստացավ ԱՄՆ-ում: Ներգաղթի հետ կապված հարցերը շարունակում են ցնցել ամերիկյան քաղաքական դաշտը:

Անօրինական ներգաղթի խնդիրները հասարակական լայն հնչեղություն են ստանում Միացյալ Նահանգներում: Վերջերս բողոքի ցույցեր տեղի ունեցան Բոստոնում, որտեղ առցանց վաճառքով զբաղվող ընկերության աշխատակիցները բողոքում էին ներգաղթյալ երեխաների կենտրոնների համար համապատասխան կահույքի վաճառքի դեմ: Բացի այդ, մամուլում շրջանառվող զոհված սալվադորցի մի տղամարդու ու նրա դստեր լուսանկարները, ովքեր խեղդվել են գետում ՝ փորձելով Մեքսիկայից անցնել ԱՄՆ, կրկին հանրային բողոքի ալիք են բարձրացրել ներգաղթի հարցերի շուրջ:

ԱՄՆ Սենատը օրերս հաստատեց 4 միլիարդ դոլարի մարդասիրական օգնության փաթեթը՝ ուղղված Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթի խնդիրների շուրջ առկա իրավիճակի ու ներգաղթյալների կենտրոններում երեխաների համար պայմանների բարելավմանը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մարդասիրական փաթեթի մասին սեփական օրինագիծը:

Նախագահ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին ներգաղթի մասին նոր օրենսդրության արգելափակման մեջ, որն ըստ նախագահի, կարող է շտկել իրավիճակը այս ոլորտում և հնարավորություն տալ խուսափել այդ լուսանկարում պատկերված իրավիճակներից: Նախագահը հույս է հայտնել, որ քաղաքական կուսակցությունները կհանգեն համաձայնության մարդասիրական այս փաթեթի շուրջ:

Դեմոկրատներն իրենց հերթին մեղադրում են նախագահ Թրամփին ու նրա վարչակազմը վերոհիշյալ լուսանկարում պատկերված զոհերի հարցում: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջուլիան Քաստրոն ասում է, որ զոհված ներգաղթյալները փորձել են լողալով անցնել գետը, քանի որ Թրամփի վարչակազմը արգելափակում է նրանց մուտքը երկիր օրինական ճանապարհով և ապաստան խնդրելու հնարավորությունը:

Ներգաղթյալ երեխաների նկատմամբ համապատասխան կենտրոններում վատ վերաբերմունքի մասին հանրային շրջանակներում օրերս տարածվող լուրերը ստիպել են Մաքսային ու սահմանային վերահսկողության ծառայության ղեկավարին հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից:

Facebook Forum

XS
SM
MD
LG