Մատչելի հղումներ

Մեկնարկեցին Դեմոկրատական կուսակցության նախագահական բանավեճերը


Չորեքշաբթի օրը տեղի ունեցավ դեմոկրատական կուսակցության թեկնածուների առաջին բանավեճը Մայամիում: Դեմոկրատ 10 թեկնածուներ ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու ծրագրերը:

Մեկնարկել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուի ընտրության գործընթացը, որը 2020 թ. նախագահական ընտրությունների ընթացքում կառաջնորդի կուսակցությունը և կպայքարի գործող նախագահ Թրամփի դեմ: Տասը դեմոկրատ թեկնածուներ Մայամիում մասնակցեցին երկժամանոց բանավեճին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց մոտեցումները բազմաթիվ հարցերի շուրջ, ներառյալ ներգաղթի, առողջապահության, արտաքին քաղաքականության և այլ խնդիրներ:

Մայամիի բանավեճի մասնակիցների շարքում էին Մասաչուսեթս նահանգի սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Նյու Ջերսիի սենատոր Քորի Բուքերը, Օբամայի վարչակազմի նախկին անդամ Ջուլիան Քասթրոն, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն և այլոք:

Թեկնածուները քննադատեցին գործող վարչակազմի քաղաքականությունը բազմաթիվ հարցերում: Սենատոր Էլիզաբեթ Ուորենը, ով այս նախընտրական փուլում դիտարկվում է առաջատարների շարքում, իր ելույթում մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձավ հղիության արհեստական դադարեցման սահմանափակման խնդրին, քաղաքականություն, որը որդեգրել են գործող իշխանությունն ու պահպանողական շրջանակները: Սենատորը քննադատեց վարչակազմի մոտեցումները՝ պաշտպանելով կանանց իրավունքը հղիությունը արհեստականորեն դադարեցնելու վերաբերյալ :

Բանավեճի մեկ այլ ակտիվ քննարկվող թեմաներից էր ներգաղթի խնդիրը: Թեքսաս նահանգի նախկին կոնգրեսական Բեթո Օրուրկն ընդգծեց իր մոտեցման տարբերությունը գործող վարչակազմի քաղաքականությունից: Քննադատելով ներգաղթյալներին բերման ենթարկելու եղանակն ու բերման ենթարկվածների կալանավայրերի վատ պայմանները՝ նա կոչ արեց ընդունել ներգաղթի մասին նոր օրենք, բարելավել անօրինական ներգաղթյալների կենտրոնների պայմանները, դրիմերներին շնորհել ամերիկյան քաղաքացիություն և ներդրումներ իրականացնել Կենտրոնական Ամերիկայի երկրներում՝ ներգաղթն այնտեղից նվազեցնելու համար:

Իր հերթին Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հակադարձեց որոշ պահպանողական շրջանակների այն պնդմանը, որ անօրինական ներգաղթյալները սպառնալիք են ամերիկացիների համար՝ ընդգծելով, որ նման մոտեցումը հակասում է ամերիկյան գաղափարախոսությանը:

Հաջորդ օրը նախատեսվում է տասը այլ թեկնածուների բանավեճ, որին կմասնակցեն քարոզարշավի այլ առաջատարներ ի դեմս նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ու սենատոր Բերնի Սանդերսի:

Facebook Forum

XS
SM
MD
LG