Մատչելի հղումներ

 
Դեմոկրատ օրենսդիրները առաջարկում են ներել ուսանողների պարտքերը

Դեմոկրատ օրենսդիրները առաջարկում են ներել ուսանողների պարտքերը


Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսն ու կոնգրեսականներ Իլհան Օմարն ու Պրամիլա Ջայափալը ներկայացրել են միասնական օրինագիծ, որը նախատեսում է չեղարկել 1,6 տրիլիոն դոլարի ուսանողական վարկերի պարտքերը՝  Ուոլ Սթրիթի գործարքների հարկման միջոցով:

Ամերիկացի ուսանողների համար ուսանողական վարկի մարումը երկարատև ու դժվարին գործընթաց է: Դեմոկրատ օրենսդիրները առաջ են քաշել մի օրինագիծ, որով առաջարկում են չեղարկել շուրջ 45 միլիոն ամերիկացի ուսանողների՝ ուսանողական վարկերի հետ կապված պարտավորությունները:

«Անընդունելի է, երբ մեր երիտասարդ սերունդը առանց իր մեղքի ստիպված է ունենալ կյանքի ավելի ցածր մակարդակ, քան իրենց ծնողները: Մեծ պարտքեր, ցածր աշխատավարձեր և հավանաբար տուն գնելու ավելի փոքր հնարավորություն»։

Սենատոր Սանդերսի նախաձեռնությանն են միացել դեմոկրատ կոնգրեսականներ Իլհան Օմարն ու Պրամիլա Ջայափալը, ովքեր երկուշաբթի օրը անդրադարձել են նախագծին: Կոնգրեսական Օմարն ընդգծել է, որ ուսանողական վարկերի հետ կապված ճգնաժամը ազդում է փոքր եկամուտ ունեցող ընտանիքների վրա:

Նա նշում է, որ այդ վարկային պարտավորությունների չեղարկումը կօգնի միջին և աղքատ խավերին, այլ ոչ թե հարուստներին և կվերացնի ճգնաժամը:

Ըստ կոնգրեսականի, Ուոլ Սթրիթի հարկային պարտավորությունների մեծացմամբ հնարավոր է կարգավորել այս խնդիրը: Նա առաջարկում է հավելյալ փոքր հարկային վճարում սահմանել յուրաքանչյուր գործարքի վրա, որից գոյացած գումարները 10 տարում ամբողջապես կմարեն ուսանողական վարկերից գոյացած պարտքերը:

Վերջին 10 տարում ուսանողական պարտքերը մեծացել են 2 ու կես անգամ՝ 600 միլիարդ դոլարից հասնելով 1,5 տրիլիոն դոլարի, ասում է օրինագծի մեկ այլ համահեղինակ կոնգրեսական Պրամիլա Ջայափալը:

Նրա խոսքերով սպիտակամորթ երիտասարդների շուրջ 60 տոկոսն ունի վարկային պարտավորություն, իսկ այլ ռասաներից պարտք ունեցող ուսանողների թիվը շուրջ 87 տոկոս է, ովքեր վարկ են վերցնում քոլեջում 4 տարի սովորելու համար: Որոշ դեպքերում նրանք ստիպված են իրենց ողջ աշխատավարձը կամ դրանից ավելին ուղղել միայն այդ պարտքերի մարմանը:

Այս նոր օրինագիծը հիմնվում է նախկին Կոնգրեսում առաջ քաշված օրենսդրական նախաձեռնության վրա: Սակայն, հաշվի առնելով, որ Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները, դեմոկրատ օրենսդիրների այս նախաձեռնությունը շատ փոքր հնարավորություն ունի վերածվելու օրենքի:

Facebook Forum

XS
SM
MD
LG