Ծրագրի իրականացումը պայմանավորված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորմամբ:
Մանմանում անցկացվող երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների գլխավորությամբ ամերիկյան կողմը նախատեսում է հրապարակել իր ծրագրի մանրամասները՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դրա շուրջ աշխատանքներն ընթացել են վերջին երկու տարիների ընթացքում:
Համաժողովին մասնակցելու են Պարսից ծոցի արաբական մի շարք երկրների,
ինչպես նաեւ Եգիպտոսի եւ Հորդանանի ներկայացուցիչները: Ո՛չ իսրայելցիները, ո՛չ էլ պաղեստինյան կողմը չեն մասնակցի միջոցառմանը, թեեւ Իսրայելը համաժողովին կներկայանա գործարար պատվիրակությամբ:
Պաղեստինյան ղեկավարությունը իր մտահոգությունն է հայտնել Սպիտակ տան ծրագրի վերաբերյալ, որը Պաղեստինը որակել է կողմնակալ՛ հօգուտ Իսրայելի:
Պաղեստինցիները բողոքի ակցիաներ են անցկացրել երեքշաբթի օրը Մերձավոր Արեւելքի ողջ տարածքում: Տասնյակ ցուցարարներ անցել են Հորդանան գետի արեւմտյան ափի Երիքով քաղաքով եւ այստեղ վառել «Դարի համաձայնագիրը ծնվեց մահացած» գրառմամբ մի դագաղ: Գազայի հատվածում ցուցարարները վառել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Թրամփի եւ Քուշների նկարները: Հորդանանի Բաքա բնակավայրում պաղեստինցի փախստականները բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ Բահրեյնի համաժողովի:
Պաղեստինցի քաղաքական գործիչ Մուստաֆա Բարգուտին հայտարարել է, որ պաղեստինյան կողմը չի ընդունում այս տնտեսական ծրագիրը, քանի որ այն չի ապահովում իրենց ինքնուրույն ու ազատ վերահսկողությունը պաղեստինյան սահմաններում, առևտրային կապերը և այլ կարևոր գործառույթները:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էլ իր հերթին ասել է, որ սխալ կլիներ պաղեստինցիների համար բոյկոտել Թրամփի վարչակազմի խաղաղության այս ծրագրի առաջին տնտեսական փուլը` նշելով, որ նախագահը « լավատես »է եւ լցված հույսով, որ «պաղեստինցիները եւս լավատես են»: Վարչապետ Նեթանյահուն, ով Թրամփի սերտ դաշնակիցն է, իր հերթին իր համաձայնությունն է հայտնել այս ծրագրի վերաբերյալ:
Քննադատներն ասում են, որ Թրամփի վարչակազմը «պաղեստինյան հարցը» վերցնում է պաղեստինցիների ձեռքից եւ այն փոխանցում արաբական երկրներին, որոնք ավելի բարեկամաբար են տրամադրված Իսրայելի հանդեպ: Շատերն ասում են, որ Պաղեստինյան պետականությունը անտեսող այս ծրագիրը չունի հաջողության հասնելու հնարավորություն:
Այս նախաձեռնությունը ԱՄՆ-ի կողմից իրականացվող խաղաղությանը միտված ջանքերի պատմության մեջ վերջին նախաձեռնությունն է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 242 բանաձեւը, որով Անվտանգության խորհուրդը միաձայն ընդգծել է տարածաշրջանի յուրաքանչյուր պետության «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ քաղաքական անկախության» փոխադարձ հարգանքը, հաջորդ տասնամյակների ընթացքում հիմք է ծառայել խաղաղ բանակցությունների համար: Երկու պետություն տարբերակը վերջին շրջանի խաղաղ բանակցությունների հիմքում էր, սակայն պարզ չէ, թե արդյոք Թրամփի վարչակազմը մտադիր է խաղաղության ծրագրի այս վերջին փոփոխություններից հետո հրաժարվել «երկու պետություն» տարբերակից:
Facebook Forum