Մատչելի հղումներ

Էրդողանը կրկին պարտվեց Ստամբուլում


Թուրքիայի ընդդիմությունը հաղթանակ տարավ Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ընտրություններում ևս: Սա նախագահ Էրդողանի համար լուրջ պարտություն էր, ով 25 տարուց հետո առաջին անգամ կորցրեց այս քաղաքի նկատմամբ վերահսկողությունը:

Ստամբուլի ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ընդդիմության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն առավելության է հասել նախագահ Էրդողանի ընտրած թեկնածու Բինալի Յիլդիրիմի հանդեպ՝ ստանալով 700 հազարից ավելի ձայն: Հիշեցնենք, որ մարտի 31-ին անցկացված առաջին ընտրություններում տարբերությունը կազմում էր ընդամենը 13 հազար ձայն:

Խոսելով հանրության առջև կիրակի երեկոյան՝ հաղթանակած ընդդիմադիր թեկնածուն հայտարարեց, որ այս հաղթանակը ամրապնդում է ժողովրդավարությունը երկրում:

«Այս հասարակությունը ողջունում է ազատությունը: Այն կշտկի բոլոր սխալները: Ես հավատում եմ մեր ժողովրդին: Ես կարծում եմ նաև, որ մեր ժողովուրդն ունի հավատ դեպի ժողովրդավարություն: Շնորհակալություն եմ հայտնում մեր նախագահ Թայիփ Էրդողանին և իմ մրացակցին, ով շնորհավորեց ինձ»,- ասել է Էքրեմ Իմամօղլուն:

Էրդողանը թվիթերյան գրառման միջոցով շնորհավորել է Իմամօղլուն:

Հիշեցնենք, որ նախագահը չեղադրկել էր առաջին ընտրությունների արդյունքները, ուր ևս հաղթել էր Իմամօղլուն՝ այսպիսով նժարին դնելով իր քաղաքական հեղինակությունը: Սակայն կրկնակի ընտրության արդյունքում կրկին հաղթեց ընդդիմադիր թեկնածուն: Շատերը փոխում էին իրենց ծրագրերը, որպեսզի լինեն այդ օրը քաղաքում և մասնակցեն ընտրության՝ այսպիսով աջակցելով Իմամօղլուի ուղերձին ժողովրդավարության հաղթանակի անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք նաև, որ Ստամբուլը եղել է Էրդողանի քաղաքական կենսագրության կարևոր կենտրոն, քանի որ 1994 թվականին հենց այստեղից է սկսվել նրա քաղաքական ուղին:

Դիտորդների կարծիքով Էրդողանի իշխանության ավտորիտար կառավարման ոճը , որը հատկապես ուժեղացել է 2016 թ. հեղաշրջման փորձի տապալումից հետո շատերի մոտ առաջացրել է դժգոհություն: Դրան նպաստել են նաև իշխանության բռնաճնշումները գործարարների, լրագրողների ու իրավապաշտպանների դեմ:

Ընդդիմության այս հաղթանակը զգալի հարված էր Էրդողանի քաղաքական դիրքերին և կարող է մեծացնել ճնշումները իշխող AKP կուսակցության նկատմամբ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահաջով:

Facebook Forum

XS
SM
MD
LG