Մատչելի հղումներ

Անօդաչու օդանավի կործանումից հետո ԱՄՆ-ը նորից չի հարվածում իրանական ուժերին


Անօդաչու օդանավի կործանումից հետո ԱՄՆ-ը նորից չի հարվածում իրանական ուժերին
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

ԱՄՆ-ի ազգային անվտանգության պաշտոնատար անձինք հրաժարվում են մեկնաբանել թերթերի այն հրապարարկումները, որոնց համաձայն նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հաստատել է Իրանին ռազմական հարված հասցնելու առաջարկը, սակայն ավելի ուշ` հետ կանգնել այն որոշումից:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ամերիկյան անօդաչու օդանավը կործանելու Իրանի քայլն է՛լ ավելի է խորացնելու հակասությունները Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ:

‘’Չեմ կարողանում հավատալ, որ այն իրականացվել է մտածված կերպով: Կարծում եմ,նա, ով դիմել է այդ քայլին, խելապակաս է կամ հիմար’’, ասել է Թրամփը:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ լեյտենանտ Ջոզեֆ Գուասթեյան ասում է, թե այս հարձակումով կատարվել է այդ տարածաշրջանը հսկելու ԱՄՆ-ի կարողությունները խաթարելու փորձ:

Հիշեցնենք, որ ամերիկյան անօդաչու օդանավը Հորմուզի նեղուցում կործանվեց այստեղ նավթակիր երկու նավերի դեմ իրականացված ռմբային հարձակումներից մի քանի օր անց: Իրանը հերքում է դրանք իր կողմից իրականացված լինելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները, սակայն հաստատում է, որ դրոնը ոչնչացրել են իր ուժերը: Արտգործանախարար Ջավադ Զարիֆն իր էջում գրել է, թե Իրանը պատերազմ չի ուզում, սակայն կպաշտպանի իր տարածքը` մեկ անգամ եւս հայտարարելով, որ այն կործանվել է Իրանի սահմաններից ներս:

Պատերազմ չի ուզում նաեւ ԱՄՆ-ը:

‘’Մենք պատերազմ սկսելու ախորժակ չունենք’’, ասել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին:

Սակայն որոշ հանրապետականներ կարծում են, որ Իրանը Վաշինգտոնին մի օր կարող է ստիպել գնալ այդ քայլին:
Սենատոր Լինդզի Գրեհեմն օրինակ ասում է, որ ‘’եթե հաջորդ շաբաթ Իրանը շարունակի ուրանի հարստացման աշխատանքները, դրանք տանելով դեպի միջուկային զենք պատրաստելու ուղով, լարվածությունը կմեծանա Իսրայելի ու Իրանի միջեւ: Ու եթե այս նախագահը չպատասխանի, ինչպես Ռոնալդ Ռեյգանը չպատասխանեց, ապա դա ազգանշան կհանդիսանա Հյուսիսային Կորեայի ու մյուսների համար’’:

Հիշեցնենք, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը խորացավ, երբ Թրամփն անցյալ տարի որոշեց ԱՄՆ-ը դուրս բերել Իրանի հետ միջուկային հարցերով կնքված միջազգային պայմանագրից: Թրամփն ուզում էր ստանալ երաշխիքներ, որ Թեհրանը չի ունենա միջուկային զենք արտադրելու միջոցներ եւ կհրաժարվի տարածաշրջանում ահաբեկչական խմբերին հովանավորելու քաղաքականությունից:

XS
SM
MD
LG