Մատչելի հղումներ

Հանդիպում ՀՀ-ի արտգործնախարարի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի միջեւ


Վաշինգտոնում հունիսի 19-ին անցկացվել է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ: Կողմերը զրուցել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների մասին, ինչպես նաեւ՝ ընդգծել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը և այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանն ուղղված գլոբալ և տարածաշրջանային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը։ Նախարար Մնացականյանը նաեւ շեշտել է տարածաշրջանային խաղաղությանը զարկ տալու համար անհրաժեշտ ծրագրերի իրականացումը։

Հայաստանի արտգործնախարարը նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակին, այս հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը և մոտեցումներին։ Նա նշել է հունիսի 20-ին անցկացվելիք հանդիպման օրակարգում Հայաստանի գերակայությունները:

XS
SM
MD
LG