Մատչելի հղումներ

Ադամ Շիֆ. Իրանի հետ ռազմական հակամարտությունը կլինի աղետալի


Աշխարհի բազմաթիվ վայրերում գրանցվում է միտում դեպի ավտորիտարիզմ, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում: Այն նվիրված էր կոնգրեսականի ղեկավարած Հետախուզության հարցերով Կոնգրեսի հանձնաժողովի աշխատանքներին:

«Մենք այսօր ընդգրկված ենք գաղափարական պատերազմում, ուր բազմաթիվ երիտասարդ ամերիկացիներ կասկած են հայտնում, որ ժողովրդավարությունը կառավարման լավագույն համակարգն է»,- ասում է նա:

Կոնգրեսականը մտահոգություն հայտնեց աշխարհում ավտորիտարիզմի աճի կապակցությամբ՝ այն որակելով սպառնալիք Միացյալ Նահանգներին:

«Այսօր ավտորիտարիզմը վերելք է ապրում Թուրքիայում, Եգիպտոսում, Ֆիլիպիններում, Բրազիլիայում, Հունգարիայում, Լեհաստանում: Մենք ականատես ենք աջ ծայրահեղական ուժերի վերելքին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ավստրիան, Գերմանիան և այլ երկրներ»,- նշում է կոնգրեսականը:

Քննադատելով Թրամփի վարչակազմի մոտեցումներն այս սպառնալիքի հարցում ՝ Ադամ Շիֆը հիշեցնում է, որ այսօր շատ օտարերկրյա բռնակալներ մեջբերում են նախագահ Թրամփին իրենց հակաժողովրդավարական նպատակների համար:

Ավտորիտարիզմի աճի համատեքստում կոնգրեսականը մտահոգված է՝ բռնակալության հաստատման նպատակով օգտագործվում են նոր տեխնոլոգիաներ և տարածվում կեղծ նյութեր, ինչի վառ ապացույցներից են Չինաստանի թվային տոտալիտարիզմի հաստատումն ու Ռուսաստանի ապատեղակատվության քարոզարշավը: Արդյունքում, գտնում է կոնգրեսականը, ճշմարտության բացահայտումն ավելի ու ավելի է դժվարանում առանց մասնագիտական փորձագիտական գնահատականի: Այս գործընթացը ևս չափազանց վտանգավոր է, գտնում է Շիֆը:

Խոսելով Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններում ներգրավվածության մասին՝ կոնգրեսականը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովն այսօր կենտրոնացած է Մյուլերի զեկույցի վրա: Այն մատուցելու բնույթը չի բավարարում կոնգրեսականին: «Անհրաժեշտ է, որ Մյուլերը վկայություն տա», ասում է Շիֆը:

«Այս առումով ժամանակն ու համբերությունը սպառվում են»,- նշում է կոնգրեսականը:

Կոնգրեսական Շիֆը քննադատում է նախագահ Թրամփի մոտեցումներն այս հարցում՝ ընդգծելով, որ իրենք Հետախուզության դաշնային բյուրոյի առջև բարձրացնում են շատ հարցեր և ստանում պատասխաններ: Նա վստահեցնում է՝ իր ղեկավարած մարմինը կանի ամեն ինչ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը կանխելու համար: Շիֆը կոչ է անում համախմբել տարբեր գերատեսչությունների ուժերը՝ 2020 թ. ընտրությունները պաշտպանելու համար:

Անդրադառնալով Իրանի հետ կապված զարգացումներին ՝ կոնգրեսականը քննադատեց գործող վարչակազմի քաղաքականությունը, հատկապես միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս բերումը: Նավթատար նավերի վրա հարձակման մասին հետախուզական տվյալները կասկած չեն թողնում Իրանի պատասխանատվության հարցում, սակայն կոնգրեսականը դեմ է ռազմական տարբերակին:

«Մեզ անհրաժեշտ է ռազմավարություն, որը կնվազեցնի լարվածությունը, քանի որ հակամարտությունը Իրանի հետ կլինի աղետալի»,- հայտարարել է Շիֆը:

Նրա կարծիքով անհրաժեշտ է այս հարցում ԵՄ ու այլ դաշնակիցների հետ հասնել միասնական դիրքորոշման, միջոցներ ձեռնարկել անվտանգ նավարկության համար և ուղիներ գտնել Իրանին միջուկայնացումից զերծ պահելու համար: Այս նպատակների արդյունավետ իրականացմանը, սակայն, ըստ Ադամ Շիֆի, խոչընդոտում է գործող վարչակազմի Իրանի նկատմամբ քաղաքականությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG