Օրերս մեկնարկեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնում վերընտրվելու համար քարոզարշավը «Պահպանենք Ամերիկայի հզորությունը» կարգախոսի ներքո:
«Այս ընտրությունները ոչ միայն գնահատականն են այն փայլուն առաջընթացի, որ գրանցել ենք, այլ նաև գնահատականն են այն հակաամերիկյան դրսևորումների, որ ցույց են տալիս ոմանք ՝ փորձելով վարկաբեկել մեր ժողովրդավարությունն ու ինձ»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփի մոտ 20 հազար կողմնակիցներ եկել էին մասնակցելու հանրահավաքին:
«Մենք պետք է կառուցենք այդ պատը և պաշտպանենք մեր երկիրը: Ամերիկան առաջնային է: Պետք է շարունակենք այդպես մտածել»,- ասում է նրա կողմնակից Ֆիլիպը:
Ֆլորիդա նահանգում է գտնվում Թրամփի հայտնի հանգստյան գոտիներից մեկը՝ Մարա Լագոն: Բացի այդ, այս նահանգը մշտապես կարևոր կռվախնձոր է դեմոկրատական ու հանրապետական թեկնածուների պայքարում:
«Սա չափազանց կարևոր նահանգ է նախագահի ընտրության համար: Թրամփը հաղթեց այստեղ 2016 թ. ընդամենը մեկ տոկոսի առավելությամբ: Առանց Ֆլորիդայի դժվար է հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ Ընտրական խորհրդի 270 ձայն»,- ասում է North Star Opinion Research հաստատության ներկայացուցիչ Ուայթ Այրեսը:
Թրամփի քարոզարշավն այսօր շատ ավելի լավ է կազմակերպված, քան 2016 թվականին: Նրա վերընտրվելու քարոզչությունը կառուցված է ուժեղ տնտեսության և անօրինական ներգաղթյալների դեմ քաղաքականության վրա:
Սակայն նախագահի վարկանիշը 40 տոկոսից միայն մի փոքր է բարձր: Նրա հաջողությունը կախված է նրանից, թե որքանով դեմոկրատ թեկնածուին կհաջողվի համախմբել հակաթրամփական ուժերին:
«Եթե առաջադրվի մի թեկնածու, ով կպառակտի հակաթրամփական ուժերին, ապա շատ հավանական է, որ նա կվերընտրվի, ինչպես դա տեղի է ունեցել վերջին կես դարում ամերիկյան պատմության ընթացքում այլ երկու նախագահների հետ, ովքեր հաղթել են 43 տոկոս ձայնով»,- ասում է Այրեսը:
Որոշ փորձագետների կարծիքով Թրամփին իմպիչմենթի ենթարկելու փորձերը ևս կարող են նպաստել նրա վերընտրությանը:
Facebook Forum