Նախորդ տարվա ցուցանիշներին այս տարի աշխարհում տեղահանված անձանց թիվը գերազանցում է երկուսուկես միլիոնով։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության կողմից 2Օ տարի առաջ գրանցված ցուցանիշների համեմատ աշխարհում տեղահանվածների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 7Օ միլիոն 8ՕՕ հազարի։ Աշխարհում այսօր ամեն օր տեղահանության է ենթարկվում ավելի քան 37 հազար մարդ։
Միայն հունիս ամսից ի վեր միայն Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում էթնիկ բախումների արդյունքում 3ՕՕ հազար մարդ է հեռացել իրենց տներից։
Ինչպես գործակալության խոսնակ Բաբար Բելոքն է ասում, մեծ է հնարավորությունը, որ մարդկանց զանգվածային արտահոսք կարող է սկսվել դեպի հարեւան Ուգանդա։
Նրանք, ում իրենց հայրենիքից տեղահանել են բռնի ուժով, չեն կորցնում հետ վերադառնալու հույսը։ Օրինակ ինչպես այժմ Հորդանանում բնակվող պաղեստինցի Մուհամեդ Դիաբն է ասում, անհնար է, որ իրենք մի օր մոռանան իրենց հայրենիքի մասին։ ՝՝Այդ հույսը փոխանցելու ենք մեր հաջորդ սերունդներին՛՛, ասում է նա։
Տեղահանվածների մեծ մասն Աֆղանստանից են, Սիրիայից, Հարավային Սուդանից, Մյանմարից ու Սոմալիից։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության աշխատակիցներից Նինեթ Քելլին հիշեցնում է, որ օրինակ Աֆղանստանում ու Սոմալիում տեղահանությունները շարունակվում են արդեն 4Օ տարի։
՝՝Մյուս կողմից Վենեսուելան է՛՛, ասում է նա ու նշում, որ 2Օ15 թվականից ի վեր այս երկրից հեռացել է մոտ 4 միլիոն մարդ։
Միայն Կոլումբիայում կա 1 միլիոն 3ՕՕ հազար վենեսուելացի, Պերուում՝ 8ՕՕ հազար։ Սիրիացի փախստականների մեծ մասն այսօր ապաստան է գտել Թուրքիայում, Լիբանանում ու Հորդանանում։
Վտանգավորն այն է, որ մեծաթիվ բնակավայրեր շրջապատված են ավազակախմբերի կողմից, եւ երիտասարդ տղամարդիկ չեն ունենում այդ խմբերին միանալուց եւ ուրիշներին սպանելուց բացի այլ ընտրություն կատարելու հնարավորություն, քանի որ հակառակ դեպքում իրենք կարող են դառնալ այդ խմբերի զոհը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունն իր այս տարվա զեկույցում կոչ է անում միջազգային համայնքին օգնել այն երկրներին զարգացնելու իրենց տնտեսություններն ու ամրապնդելու անվտանգությունը, որտեղ մարդիկ չունեն հեռանալուց բացի այլ ընտրություն։