Մատչելի հղումներ

Սենատը պատարաստվում է կայացնել Սաուդյան Արաբիային զենքերի վաճառքն արգելելու որոշում


ԱՄՆ-ի Սենատն այս շաբաթվա վերջին նախատեսում է արգելափակել Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին 8 միլիարդ դոլարի համարժեք զենքերի վաճառքը` դատապարտելով այս երկրներում մարդու իրավունքների ոտնահարումները:

ԱՄՆ-ի սենատորներին մտահոգում է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքները մեծապես ոտնահարվելու հանգամանքը: ‘’Ինչպես կարող է քո դաշնակիցն առեւանգել քո երկրի բնակչին’’, հրապարակային հարց է ուղղում սենատորներից Քրիս Մըրֆին` ակնարկելով լրագրող Հաշուգիի առեւանգման փաստն ու սպանությունը:

Սենատը մի քանի ամիս առաջ ձայների չնչին տարբերությամբ կարողացավ ընդունել Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող օդային գրոհների նկատմամբ աջակցությունը դադարեցնելու մասին որոշում: Կոնգրեսի վերին պալատն այժմ էլ փորձելու է արգելել ամերիկյան ռումբերի, հեռվից կառավարվող զինատեսակների վաճառքն այս երկրին ու Արաբական Միացյալ Էմիրություններին: Այս ընթացքում Թրամփի վարչակազմը ջանում է արագ իրականացնել վաճառքը, ինչն ավելի է զայրացնում կոնգրեսականներին:

Ինչպես դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն է ասում, իրենք պարտավոր են ջանք չխնայել, թույլ չտալու համար, որ նախագահը կարողանա շրջանցել Կոնգրեսը, եւ պետք է միասնաբար կայացնեն զենքերի վաճառքն արգելելու մասին որոշում:

Կոնգրեսում այս պահին մեծամասնությունը կողմ է, որ զենքերի վաճառքը դադարեցվի: Սակայն շատ կասկածելի է, որ նախագահի հավանական վետոյին արժանանալուց հետո բանաձեւը որոշման վերածվելու համար կհավաքվի ձայների անհրաժեշտ երկու երրորդը: Ասենք, որ Սենատին անցյալ շաբաթ արդեն իսկ չէր հաջողվել կասեցնել Բահրեյնին ու Քաթարին զենքերի վաճառքը: Հանրապետական կոնգրեսականների մի մեծ խումբ մեծապես է կարեւորում այս երկրներին զենքի վաճառքը: Ինչպես նրանցից սենատոր Թոմ Քոթոնն է ասում, ամերիկյան պատժամիջոցների տակ տառապող ‘’Իրանի այաթոլահներն իրենց կատաղությունն ուղղում են ընդդեմ աշխարհի, եւ կարեւոր է, որ ԱՄՆ-ը աջակցի Պարսից ծոցի իր գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան իրենց պաշտպանել Իրանի ագրեսիայից’’:

Հանրապետականների մի մասն էլ կարծում է, որ եթե այդ երկրները զրկվեն ամերիկյան զենքեր գնելու հնարավորությունից, կփորձեն իրենց անհրաժեշտ զինատեսակները ձեռք բերել Ամերիկայի հակառակորդներից:

XS
SM
MD
LG