Հետաքննող լրագրող Իվան Գոլունովին աջակցող ցույց է կիրակի օրն անցկացվել Մոսկվայում: Իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:
Հիշեցնենք, որ Մոսկվայի պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողություններն ուսումնասիրող 36-ամյա այս լրագրողին հինգ օր ձերբակալությունից հետո ազատ էին արձակել հասարակական ուժեղ ճնշման պայմաններում:
Հավաքվածներն ասում են, թե իրենք ուզում են, որ իրենց երկրում միշտ հաղթի արդարությունը: ‘’Մենք գիտենք, որ դրա համար հարկավոր է պայքարել’’, ասում են նրանք:
Գոլունովին պաշտպանող ցույցերը շատ մեծ արագությամբ տարածվեցին ու մարդաշատ դարձան, երբ պարզվեց, որ թմրանյութեր կիրառելու մասին մեղադրանքները շինծու են:
Նույնիսկ գործը քննող դատավորը վստահ չէր, եւ հրահանգեց նրան հանել բանտից, որտեղ ոստիկանների կողմից ենթարկվել էր ծեծի ու ստացել մարմնական վնասվածքներ: Այժմ նա գտնվում է տնային կալանքում:
Ռուսաստանի իշխանություններին քննադատող լրագրողներն այստեղ 1990-ականներից են ենթարկվում ճնշամիջոցների, սպառնալիքների, հարձակումների ու սպանությունների: Սակայն Գոլունովի դեպքը գրանցեց աննախադեպ հակահարված հանրության կողմից:
Հունիսի 12-ին անցկացված չարտոնված ցույցի ժամանակ ոստիկանությունը 500 մարդ էր ձերբակալել, որոնց թվում էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Իվան Գոլունովին ազատ արձակելու փաստը ոգեշնչել է Կրեմլի ազատական հակառակորդներին, որոնք ունեն հույս, որ Գոլունովի ազատ արձակումը կարող է դառնալ այստեղ ժողովրդի կողմից փոփոխություններ իրականացնելու առաջին քայլը: