ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրապայքարում գլխավոր դեմքերն են ներկա նախագահն ու նախկին փոխնախագահը: Նախկին փոխնախագահ Ջո Բայդընը Դոնալդ Թրամփին մեղադրում է մարդկանց մասնատելու, նրանց մի մասին վիրավորելու, տարօրինակ անուններով ներկայացնելու մեջ: ‘’Ոչ մի նախագահ նախկինում նման բան չի արել’’, ասում է Բայդընը:
Բայդընին համարելով գլխավոր մրցակից` Թրամփը հայտարարում է, թե նա երբեք մեկ տոկոսից ավելի ձայներ չի ստացել: ‘’Բացառությամբ, երբ Օբաման նրան դուրս հանեց աղբամանից’’, ասում է Թրամփը: Թրամփն ուզում է հավատալ, որ Բայդընին շուտով ստվերի տակ կառնեն նրա իսկ կուսակից ընկերները:
Իսկ հասարակական հարցումները ցույց են տալիս, որ Բայդընը ներկայումս զբաղեցնում է առաջին տեղը, որին Դեմոկրատական կուսակցության թեկնածուներից հաջորդում է սենատոր Բերնի Սանդերսը:
Վերջերս նկատելի առաջընթաց է գրանցել Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էլիզաբեթ Ուորենը, ում գլխավոր կարգախոսն ուղղված է ընդդեմ զենքի կիրառման: ‘’Ես ձեզ հետ կողք կողքի աննկուն կերպով եմ պայքարելու մեր երեխաներին պաշտպանելու համար’’, ասում է սենատորը:
Ավելի երիտասարդ թեւի ներկայացուցիչ է Սաութ Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթ Բուդիչիջը: Նրա խոսքերով, ինքն առաջարկում է ‘’նոր մտածելակերպ ու համարձակ գործողություններ’’:
Ինչպես վերլուծաբան Լարրի Սաբաթոն է պատմում, հարցման ենթարկված մարդկանց մեծ մասն ամենից առաջ ուզում է տեսնել մեկին, որն ունակ է հաղթել Թրամփին: ‘’Եթե նույնիսկ նրանք համամիտ չեն այդ թեկնածուի հետ, միեւնույն է պատրաստ են քվեարկել նրա օգտին, քանի որ շատ ավելի քիչ են համամիտ Թրամփի հետ’’, ասում է վերլուծաբանը:
Իսկ վերջին հարցումները ցույց են տալիս, որ Բայդընը Թրամփից ահագին առաջ է: Այդ պատճառով, ասում են վերլուծաբանները, Թրամփը կուզենար, որ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու ընտրվեր ծայրահեղ ձախ կողմնորոշմամբ մեկը, ում դեմ կարողանար դուրս գալ գոնե իր ծայրահեղ աջ դիրքորոշմամբ: