Մատչելի հղումներ

ԱՄՆ-Իրան հարաբերությունները ծայրաստիճան լարված են


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Թեհրանին հինգշաբթի օրը երկու նավթատարների վրա հարձակման մեջ: Պետքարտուղարն այս գործողությունները որակել է սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Իրանը հերքոմ է մեղադրանքները։

Օմանի ծոցում հնչած պայթյունները լարվածության նոր ալիք ստեղծեցին ԱՄՆ-ի ու Իրանի առանց այն էլ գերլարված հարաբերություններում: Վաշինգտոնը պայթյունների մեջ մեղադրեց Թեհրանին:

Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի երկու նավթատարների վրա հարձակման պատասխանատուն Իրանն է: Այս եզրակացությունը հիմնվում է հետախուզական տվյալների, կիրառած զինատեսակների և իրականացրած գործողության բարդ բնույթի փաստերի համադրման վրա: Պետքարտուղարը պնդում է, որ տարածաշրջանում այլ ուժեր չունեն համապատասխան փորձառություն և ունակություն՝ նման բարդ օպերացիա իրականացնելու համար:

Պայթյունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն բանակցություններ էր վարում Թեհրանում: Թիրախավորված նավերից մեկը ճապոնական էր: Պոմպեոն դա որակում է որպես վիրավորանք ուղղված Ճապոնիային:

ԱՄՆ դիմել է ՄԱԿ-ին միջադեպը քննարկելու պահանջով, քննարկումը տեղի է ունեցել փակ դռների հետևում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը քննադատել է ամեն տեսակի հարձակում խաղաղ քաղաքացիական նավերի նկատմամբ՝ ընդգծելով միջադեպի բացահայտման և փաստերի տրամադրման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Օմանի ծոցը գտնվում է Հորմուզի նեղոցից ոչ հեռու, որով անցնում է համաշխարհային նավթի փոխադրման զգալի մասը: Անցած ամիս ԱՄՆ մեղադրել էր Իրանին 4 նավթատարների վրա հարձակման մեջ: Իրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG