Հոնկոնգում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ ցուցարարների նկատմամբ, ովքեր Հոնկոնգի փողոցներ էին դուրս եկել բողոքելով առաջարկվող օրենսդրական նախաձեռնության դեմ: Կիրակի օրը սկսված բողոքի ելույթները վերածվեցին չորեքշաբթի օրը հուզումների, որոնց արդյունքում օրենսդիրները ստիպված եղան չեղարկել այս հարցի քննարկումը:
Հիշեցնենք՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ Չինաստանը հնարավորություն կստանա պահանջել կասկածյալների արտահանձնում ՝ Չինաստանում դատարանի առջև նրանց կանգնեցնելու համար:
ԱՄՆ-ի նախագահն իր կողմից վստահություն է հայտնել, որ Հոնկոնգն ու Չինաստանը ի վերջո կգան համաձայնության:
Սակայն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն ավելի քննադատաբար են տրամադրված այս հարցում:
«Ես ցնցված եմ այն ամենով, ինչը տեղի ունեցավ Հոնկոնգում: Խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց բռնություն Հոնկոնգի անվտանգության ուժերի կողմից: Դա անընդունելի է և պետք է դադարեցվի»,- ասել է կոնգրեսական Ջիմ Մաքգովերնը:
Կոնգրեսականը մտավախություն ունի , որ այսպիսով վնաս կհասցվի Հոնկոնգի միջազգային առևտրային կենտրոն հանդիսանալու կարգավիճակին, խոչընդոտներ կհարուցվեն տեղի գործարար շրջանակների պաշտպանության հարցում՝ այստեղ հաստատելով անկայուն միջավայր:
Այս օրենսդրական փոփոխության այլ հակառակորդներ էլ նախաձեռնությունը ընկալում են որպես Պեկինի ոտնձգություն այս տարածքի անկախ դատական համակարգի դեմ: Նրանք մտավախություն ունեն, որ այսպիսով կոմունիստական իշխանությունները հնարավորություն կստանան ճնշել այլախոհներին և ընդդիմախոսներին: Հոնկոնգի իշխանություններն իրենց հերթին համուզված են, որ այս փոփոխությամբ քրեածին տարրերն այսուհետ կզրկվեն Հոնկոնգը որպես թաքստոց օգտագործելու հնարավորությունից:
1997 թվականից ի վեր, երբ Մեծ Բրիտանիան Հոնկոնգը փոխանցեց Չինաստանին, այստեղ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցան բողոքի ցույցեր, որոնք սակայն մեծ ազդեցություն չունեցան Չինաստանի ոտնձգությունների հարցում: Ակտիվիստներն ասում են, որ այս բողոքի ցույցերը չափազանց կարևոր են Հոնկոնգի ինքնավարության պահպանման համար:
Facebook Forum