Մեքսիկայի իշխանությունները պատրաստվում են Ազգային պահակազորի ջոկատներ տեղակայել Գվատեմալայի հետ հարավային սահմանին։ Այսպիսով Մեքսիկան կատարում է ԱՄՆ-ի հետ ձեռքբերված համաձայնության պայմանները, ըստ որի պարտավորվել է կրճատել Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ ուղեւորվող միգրանտների թիվը։ Արտաքին գործերի նախարար Մարչելո Էբրանդն ասել է, թե սահմանին տեղակայվելու են 6 հազար թվակազմով ուժեր, սակայն չի ասել, թե տեղակայման համար որքան ժամանակ է պահանջվելու։
Հիշեցնենք, որ ըստ ձեռքբերված համաձայնության, Մեքսիկայում ուժի մեջ պիտի մտնեն ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակի դիմում ներկայացրած անձանց Մեքսիկա վերադարձնելու մասին ծրագրեր, մինչեւ դիմումների հաստատումը կամ մերժումը։ Կողմերը նաեւ համաձայնվել են զարգացման ծրագրեր կազմել կենտրոնամերիկյան երկրների համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան առջեւ վեր է պարզել մի փաստաթուղթ, հայտարարելով, թե այն Մեքսիկայի հետ ներգաղթի հարցով իր կնքած վերջին գործարքն է։ Նրա խոսքերով, այն պարունակում է նաեւ զարմանահրաշ դրույթներ։ Մեքսիկան հայտարարում է, որ գաղափար չունի, թե ինչ նկատի ունի Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը սպառնացել էր 5 տոկոսի սակագներ սահմանել Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա, սակայն հետ էր կանգնել այդ մտադրությունից, երբ Մեքսիկան խոստացել էր ուժեղացնել Հոնդուրասից, Էլ Սալվադորից ու Գվատեմալայից դեպի ԱՄՆ ուղեւորվող միգրանտների հոսքը կանգնեցնելու աշխատանքները։