ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգում երեքշաբթի օրը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց՝ քննադատելով նախկին նախագահ Օբամայի վարչակազմի գործունեությունը: Վիրավորական մեկնաբանություններն ուղղված էին հատկապես փոխնախագահ Բայդենի հասցեին: Հիշեցնենք՝ վերջինս հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2020 թ. նախագահական ընտրություններին:
«Ամերիկան երբեք չպետք է կրկին լինի պատանդ էներգակիրների օտարերկրյա մատակարարողների ձեռքին, ինչպես դա Օբամա-Բայդեն՝ Քնկոտ Բայդեն խմբի ժամանակ էր»,- հայտարարել էր Թրամփը:
Նախագահ Թրամփի հիմնական խաղաքարտն է աճող տնտեսությունը, սակայն սահմանային սակագներ սահմանելունրա քաղաքականությունը հարվածել է ամերիկացի ֆերմերներին և որոշ արտադրողների՝ մտահոգություն առաջացնելով, որ տնտեսությունը կարող է սկսել անկում ապրել: Թրամփը շարունակում է պնդել, որ ամերիկացի ֆերմերները շահում են սակագների սահմանումից:
Վերջերս Թրամփը թվիթերյան գրառման միջոցով վստահություն է հայտնել, որ կվերընտրվի 2020 թ. ընտրություններին: Ըստ Ռասմուսենի զեկույցի, նրա վարկանիշը հասնում է 50 տոկոսի:
Սակայն Քվինիփակի համալսարանի հրապարակած հարցումը ցույց է տալիս, որ Բայդենը 13 տոկոսով առաջ է Թրամփից:
Բայդենն իր հերթին քննադատել է Թրամփի վարչակազմը Այովա կատարած իր երկօրյա այցի ժամանակ:
«Ես կարծում եմ, նա սպառնալիք է մեր հիմնական արժեքներին և մեր համաշխարհային վարկանիշին: Ինձ համար ցնցող էր, երբ Նորմանդական օպերացիայի տարեդարձին նա թվիթերյան գրառումներով հարձակվեց բոլորի վրա՝ Լոնդոնի քաղաքապետից մինչև դերասանուհի Բեթի Միդլերը»,- ասել է Բայդենը:
Դեմոկրատների հավանական թեկնածուն քննադատել է նաև Թրամփի սակագների քաղաքականությունը:
«Փաստն այն է, որ նա հետ քաշվեց Մեքսիկայի դեմ սակագներ սահմանելուց, քանի որ գիտակցեց, որ այդպես կկորցնի Միչիգանը, Օհայոն, Այովան և այլ վիճելի նահանգներ»,- հայտարարել է Բայդենը:
Այս պահին Թրամփն ու Բայդենը իրենց կուսակցությունների հիմնական թեկնածուներն են 2020 թ. նախագահական ընտրությունների համար, սակայն ինչպես ցույց տվեցին 2016 թ. ընտրությունները՝ անակնկալները բացառված չեն:
Facebook Forum