Վենեսուելայի քաղաքների աղքատ թաղամասերում, առանց սանիտարական պատշաճ պայմանների, բնակիչներին առաջարկում են հավի կաշի ու տավարի ճարպ։ Այստեղ մարդիկ գրեթե չունեն միս գնելու հնարավորություն։
Նրանց խոսքերով, հիմա դա է ծանր տնտեսական այս իրավիճակը հաղթահարելու ու սովից չմեռնելու միջոցը։ ՝՝Երկիրը հայտնվել է ճգնաժամի մեջ՛՛, ասում են նրանք։
Սննդամթերքի ներկրումների ծավալի անկումը, գյուղատնտեսական ապրանքների արտադրության կրճատումը եւ դրամի գերարժեզրկումը, Վենեսուելայի ժողովրդի մի մեծ հատվածին զրկել են սպիտակուցների աղբյուրից։
Շատերն արդեն ուշադրություն չեն դարձնում մսի ճարպի վրա հավաքված ճանճերին։ ՝՝Կարեւորն այն է, որ գոնե կարողանում ենք հաղթահարել քաղցը՛՛, ասում են մարդիկ։
Մեկ կիլոգրամ տավարի ճարպն արժե 5Օ ցենտ՝ կես դոլար։ Սա նվազագույնը վարձատրվող անձանց երեք օրվա աշխատավարձն է։ Ինչպես վաճառողներն են ասում, մեկ կիլոգրամ միս գնելու համար հարկավոր է վճարել մեկ շաբաթվա աշխատավարձ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում իշխանությունը շատերն են այսօր վիճարկելի համարում, ասում է, թե սննդամթերքի գներն աճում են ԱՄՆ-ի կողմից հաստատված պատժամիջոցների պատճառով։
Իսկ փորձագետները նախազգուշացնում են, որ երկար ժամանակ միայն ճարպով սնվելու դեպքում կարող են առաջ գալ առողջական լուրջ խնդիրներ։ Վենեսուելայում, ասում է փորձագետներից Պաբլո Հերնանդեսը, մարդկանց միջին քաշի նկատելի անկում է գրանցվել, յուրաքանչյուր մարդ միջին հաշվով 11 կիլոգրամ։ Երեխաների թերսնուցումը կազմում է 2Օ տոկոս։ Ինչպես մասնագետներից շատերն են ասում, Վենեսուելան գնում է դեպի սով։