Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփն ու Լոնդոնի քաղաքապետը փոխանակվել են փոխադարձ վիրավորանքներով


Նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, ուր նրա պատվին Բուքինգեմյան պալատում Մեծ Բրիտանիայի թագուհին կազմակերպել էր ընդունելություն: Այցը համընկել է Մեծ Բրիտանիայում քաղաքական զարգացումների հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա, ուր արժանացել է շքեղ ընդունելության Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից: Երկու կողմերն ընդգծել են բրիտանա-ամերիկյան հարաբերությունների կարևորությունն ու բարեկամական բնույթը:

«Մեզ կապում են ոչ միայն ընդհանուր շահերն անվտանգության ոլորտում, բայց նաև մշակութային կապերն ու ժառանգությունը»,- ասել է թագուհին:

«Բոլոր ամերիկացիների անունից ես բաժակ եմ բարձրացնում մեր բարեկամության, մեր ազգերի և Նորին Գերազանցություն թագուհու պատվին»,- ասել է Թրամփը:

Թրամփի այցը ընթանում է Մեծ Բրիտանիայի համար դժվար ժամանակաշրջանում ՝ կապված Բրեքզիթի հիմնախնդրի և վարչապետ Մեյի մոտեցող հրաժարականի հետ:

Վերջինս լքում է վարչապետի պաշտոնը Բրեքզիթի հարցով անցկացված բանակցությունների տապալումից հետո: Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիային դուրս գալ Եվրամիությունից առանց համաձայնության, եթե Բրյուսելը խոչընդոտներ հարուցի:

«Նախագահ Թրամփը ամբողջապես աջակցել է Բրեքզիթն ու ամերիկա-բրիտանական առևտրային համաձայնագրի կնքումը: Սա առաջնահերթություն ունեցող խնդիր է»,- ասում է Հանուն Ազատության Մարգարեթ Թեթչերի անվան կենտրոնի վերլուծաբան Նայլ Գարդիները:

ԱՄՆ-ի նախագահը սատարում է Բորիս Ջոնսոնի թեկնածությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում: Սակայն վերջինիս թեկնածությունը միանշանակ չի ընկալվում բրիտանացիների շրջանում:

Թրամփի այցի ընթացքում գրանցվեց նաև փոքր միջադեպ՝ կապված Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ: ԱՄՆ-ի նախագահը նրան անվանել է «անհաջողակ», իսկ վերջինս հակադարձել է խմբագրականի տեսքով, որտեղ Թրամփին բնութագրել է որպես «համաշխարհային սպառնալիք»:

Քաղաքապետը նաև թույլատրել է ԱՄՆ-ի նախագահի այցի դեմ բողոքող ակտիվիստներին այցի երկրորդ օրվա բողոքի ցույցին օդ բարձրացնել նորածին Թրամփի տեսքով փուչիկ, որը լայնորեն հայտնի է “Trump Baby” անվամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG