Միացյալ Նահանգները նորից կոչ է անում եվրոպական դաշնակիցներին զգուշանալ չինական հեռահաղորդակցական ՝՝Հուաուեյ՛՛ ընկերությունից սպառնացող վտանգներից, երբ այս երկրներն արդեն սկսել են աշխատանքներ իրենց 5G ցանցերի համար։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն համերաշխության կոչ է արել ընդդեմ ՝՝Հուաուեյ՛՛-ի ՝՝արատավոր՛՛ գործունեության։
՝՝Մենք միշտ պարզորոշ ենք ասել հետեւյալը. Մեր նպատակն է, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները չդիմեն այնպիսի քայլերի, որոնք վտանգի տակ կդնեն մյուսների անվտանգությունը կամ կսահմանափակեն գաղտնի տեղեկությունների փոխանակման կարողությունները։ Մենք չենք վախենում Չինաստանի հետ փոքր մրցակցությունից։ Գիտեմ, որ չեն վախենում նաեւ Նիդերլանդներում։ Մենք ուզում ենք մրցակցել ազատ, արդար, բաց, փոխադարձ հիմնունքների վրա հիմնված սկզբունքներով։ Եվ նրանք գիտեն, որ եթե մենք դա անենք, ե՛ւ Նիդերլանդները ե՛ւ Միացյալ Նահանգները կշարունակեն լինել տնտեսապես հաջողակ երկրներ՛՛, ասել է Փոմփեոն Նիդերլանդների իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Նիդերլանդների հետախուզական ծառայությունը տեղեկացրել էր համակարգչային ծրագրերում գաղտնի մասերի առկայության մասին, որոնք ՝՝Հուաուեյ՛՛-ին կարող են փոխանցել համակարգիչն օգտագործողի տվյալները։
Ընկերության գլխավոր տնօրեն Ռեն Ժենգֆեյն ասել է, թե իր ընկերությունը որեւէ երրորդ կողմի չի պատրաստվում փոխանցել օգտատերերի տվյալները։ ՝՝Հուաուեյ՛-ը հերքում է Փոմփեոյի այն մեղադրանքները, թե ընկերությունը կառավարվում է Պեկինի կողմից։