Մատչելի հղումներ

Ամերիկահայ բժիշկները պատրաստ են օժանդակել Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներին


Հայաստանի առողջապահության ոլորտի խնդիրների նվիրված համաժողովին  քննարկվեցին սփյուռքահայ կառույցների կողմից Հայաստանի առողջապահական համակարգին օժանդակելու եղանակներ: Համաժողովը կազմակերպել էր առողջապահության ոլորտի ամերիկահայ մասնագետների կազմակերպությունը։

«Հայաստանում քաղաքացիների շրջանում մահացության և հաշմանդամության առաջնային պատճառների բացահայտման կարողությունը հիմնական առաջնահերթություններից է»,- ասում է Նյու Ջերսի նահանգում գործող Առողջապահության ոլորտի ամերիկահայ մասնագետների կազմակերպության նախագահ, բժիշկ Լարի Նաջարյանը: Վերջերս Նյու Ջերսիի սբ. Լևոն հայ առաքելական եկեղեցում ամերիկահայ բժիշկների միությունը կազմակերպել էր քննարկում-համաժողով Հայաստանում առողջապահության ոլորտի առաջնահերթությունների ու սփյուռքահայ կառույցների օժանդակության մասին:

Կազմակերպության նախագահը պնդում է, որ Հայաստանի բնակչության առողջական հիմնական խնդիրների բացահայտումը կնպաստի տեղական բժիշկների հետ համագործակցությանն ու առողջապահության ոլորտի ճիշտ ռազմավարության մշակմանը:

Իր հերթին կալիֆոռնիաբնակ բժշկուհի, միջոցառման բանախոս Նիկա Հարությունյանն ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը: Այսօր Հայաստանում այս ոլորտի ծրագրերում ներգրավված են բազմաթիվ սփյուռքահայ կազմակերպություններ և անհատներ, պնդում է Հարությունյանը, ով Հայաստանում իրականացնում է քաղցկեղի ոլորտի հետազոտման ծրագիր:

«Համաժողովում քննարկվեց Հայաստանում առողջապահության ոլորտի օժանդակության եւ մոտեցումների վերանայման հարցը, որը ենթադրում է շարունակական ծրագրերի հաստատում»,- ասում է Հարությունյանը:

Համաժողովին քննարկվեց սփյուռքահայ կառույցների ջանքերի համախմբման հնարավորությունը: Քննարկման մասնակիցները պնդում են՝ անհրաժեշտ է միասնական հարթակ, որը հնարավորություն կտա ոլորտում ներգրավվածներին ավելի լավ պատկերացում կազմել ընթացիկ ծրագրերի ու կատարված աշխատանքների մասին:

«Այսօր Հայաստանի առողջապահության ոլորտում կան բազմաթիվ լավ նախաձեռնություններ և ծրագրեր, սակայն խնդիրը նրանում է, որ դրանք բոլորը գործում են անջատ և մեկուսացված: Մենք կցանկանայինք, որ բոլոր հասարակական կառույցները միասին աշխատեն միասնական հարթակ ստեղծելու ուղղությամբ, որտեղ առողջապահության ոլորտում ներգրավված անհատը կամ կառույցը կարող է պարզել, թե որքանով է նրա ակտիվությունը առաջնահերթ Հայաստանի առողջապահության ոլորտի համար»,- նշեց բժիշկ Նաջարյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի առողջապահության ոլորտի բազմաթիվ խնդիրներ: Բանախոսներն ընդգծեցին առողջապահության ոլորտի որակի բարելավման անհրաժեշտությունը: Առանձնացվեց Հայաստանում բազմաթիվ հիվանդությունների վերաբերյալ տվյալների բազայի բացակայության հիմնախնդիրը, որը խոչընդոտում է առողջապահության ոլորտի զարգացմանը:

«Առանց առողջապահության ոլորտում տվյալների բազայի դժվար է խորհուրդ տալ կամ բարելավման ուղղությամբ առաջարկներ անել»,- նշեց միջոցառման բանախոս Ալին Բաղդասարյանը:

Ամերիկահայ բժիշկների միության նախագահը շեշտեց որ իրենք պատրաստ են համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ առողջապահության մակարդակը բարելավելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG