Թրամփի վարչակազմը տեղեկացնում է, որ միգրանտների հոսքը Մեքսիկայից դեպի ԱՄՆ այսօր գրանցում է ռեկորդային ցուցանիշ` ամսական հասնելով 100 հազարի: Ինչպես սահմանային հսկողության պատասխանատուներն են ասում, տարվա առաջին չորս ամիսներին սահմանին կանգնեցրել են 460 հազար 294 անձանց: Նրանցից կեսն իր հետ այստեղ է բերել երեխաներ: Սահմանապահի խոսքերով, երեխաների միջոցով են նրանք փորձում ստանալ մուտքի արտոնագիր:
Թրամփն այդ պատճառով ցանկանում է շարունակել սահմանային պատի կառուցումը եւ ուժի մեջ մտցնել մի միջոց, որն առավելություն է տալիս բարձր որակավորում ունեցող նորեկներին: Դեմոկրատները սրանից ոգեւորված չեն:
Ներքին գործերի հարցերով հանձնաժողովի անդամ Քեթլին Ռայսի խոսքերով, ‘’Թրամփը պատի կառուցումով պարզապես ուզում է առաջ տանել իր եսը եւ անվերադարձ կերպով վնասել սահմանային հատվածներում գտնվող մեր համայքները’’:
Խնդիրն այն է, որ որեւէ ծրագիր չի կարող մտնել ուժի մեջ առանց երկու կուսակցությունների համաձայնության: Եվ այն ինչ կատարվում է հարավային սահմանին, դրա մեղքը Թրամփը բարդում է դեմոկրատների վրա:
‘’Դեմոկրատներն առաջարկում են բաց սահմաններ, ցածր աշխատավարձ, կարող եմ ասել նաեւ խառնաշփոթ քաոս’’, հայտարարել է նա:
Նորեկների մասին էլ ասել է, թե ‘’Մեր երկիրն արդեն լիքն է եւ չենք ուզում այլեւս, որ ուրիշները գան այստեղ’’:
Թրամփը Վիրջինիա նահանգի նախկին գլխավոր դատախազ Քեն Քուչինելիին նշանակել է Սպիտակ տան ներգաղթի հարցեով համակարգող: Հիշեցնենք, որ Քուչինելին էր ժամանակին պահանջում, որ ոստիկաններն ունենան ճանապարհներին յուրաքանչյուրի բնակության մասին փաստաթղթերը ստուգելու իրավունք:
Իսկ սահմաններին իրադրությունն իրոք դժվար է: Այդ պատճառով դեմոկրատներից ոմանք, ինչպես օրինակ Քլեյ Հիգինզը, կոչ են անում մի կողմ դնել Թրամփի նկատմամբ թշնամանքը եւ աշխատել ճգնաժամը հարթելու ուղղությամբ:
Մյուսները պահանջում են բարեփոխումներ:
Սակայն հակասական նախագծերը հազվադեպ են ընտրական տարվա ընթացքում վերածվում օրենքի: Ու քանի որ մոտենում է 2020 թվականի նախընտրական պայքարը, նույն արագությամբ տեսադաշտից կարող է հեռանալ ներգաղթի խնդիրը լուծելու համար որոշումներ կայացնելու օրը: