Մատչելի հղումներ

Նեթանյահուն չի կարողացել ձևավորել կառավարություն


Իսրայելի օրենսդիրները քվեարկեցին նոր ընտրություններ անցկացնելու առաջարկի օգտին այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուին չհաջողվեց կազմել կոալիցիոն կառավարություն։ Սա նշանակում է, որ այստեղ սեպտեմբերի 17-ին անցկացվելու են նոր ընտրություններ։

Շաբաթ օրը Թել Ավիվում ընթանում էր բողոքի ցույց գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին անձեռնմխելիություն տրամադրելու դեմ: Նեթանյահուի անունը կապված է մի շարք կոռուպցիոն գործերի հետաքննության հետ:

«Իսրայելի խորհրդարանը չպետք է հանցագործների ապաստան լինի: Մենք պետք է օգտվենք իրավիճակից: Նպատակը կառավարությունում ավելի մաքուր և բարոյական մարդիկ ունենալն է»,- ասում է բողոքի ցույցի մասնակից Ավիշագը:

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Նեթանյահուի կինն ընդունել է պետական միջոցները վատնելու մասին հարուցված մեղադրանքը: Այժմ նա պարտավոր է պետությանը վերադարձնել ավելի քան 12 հազար ԱՄՆ դոլար:

Վարչապետի անունը շոշափվում է երեք կոռուպցիոն սկանդալներում: Նա ժխտում է իր ներգրավվածությունը դրանցից յուրաքանչյուրում, սակայն ըստ փորձագետների՝ այս սկանդալներն ազդել են վարչապետի վարկանիշի վրա: Արդյունքում նա չստացավ 61 ձայն խորհրդարանում, ինչի դեպքում նա հնարավորություն կունենար ինքնուրույն ձևավորել կառավարություն:

Քաղաքական կոալիցիա ձևավորելու հարցում նա հույսեր էր կապում Ավիգդոր Լիբերմանի գլխավորած աջակողմյան կուսակցության հետ, սակայն Նեթանյահուի համար անընդունելի էր ծայրահեղ ուղղափառ խմբերին զինակոչի մասին օրենքում արտոնություննեը վերացնելու վերաբերյալ այդ կուսակցության առաջ քաշած առաջարկը:

Իսրայելի նախագահ Ռեովին Ռիվլինն ասել է, որ ինքն ուներ երկու տարբերակ՝ կամ մեկ այլ օրենսդրի տալ կառավարություն կազմելու հնարավորություն, կամ հրավիրել նոր ընտրություններ։

«Նոր ընտրություններում ամենայն հավանականությամբ Նեթանյահուն կրկին կլինի առաջատար»,- ասում է Յոհանան Փլեսները Իսրայելի Ժողովրդավարության հաստատությունից:

Նոր ընտրությունները ծախսատար են պետության համար, և քաղաքական առաջնորդները հայտարարում էին, որ կանեն ամեն ինչ դրանից խուսափելու համար: Սակայն օրենսդիրներն արդեն կայացրել են խորհրդարանը ցրելու մասին որոշում, ինչը նշանակում է նոր ընտրություններ սեպտեմբերի 17-ին։

Facebook Forum

XS
SM
MD
LG