Հյուսիսային Կորեան միայն այս ամսվա սկզբին անցկացրել է մոտ նշանառության բալիստիկ երեք հրթիռների փորձարկում։
Սակայն Ճապոնիա կատարած պետական այցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից այն տպավորությունն է առաջ գալիս, որ փորձարկում ընդհանրապես չի էլ եղել։
՝՝Հրթիռի փորձարկում չի եղել, չի եղել միջուկային փորձարկում, եւ այդ հատվածում միայն չնչին գործողություններ են իրականացվում՛՛, ասել է Թրամփը։
Թրամփը նաեւ քննադատել է իր իսկ անձնակազմի անդամներին, որոնք պնդում են, որ հրթիռների արձակումը ոտնահարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։
Թրամփի մեղմ այս մոտեցումը կարելի է բացատրել Հյուսիսային Կորեայի հետ միջուկային հարցերով խարխլված բանակցային գործընթացը փրկելու նպատակով։ Սակայն այս մոտեցումն անհանգստացնում է ԱՄՆ-ի դաշնակիցներին, ինչպես օրինակ Ճապոնիային, որի վարչապետ Շինզո Աբեն նույնպես հաստատում է, որ փորձարկումներ եղել են ու ոտնահարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի որոշումները։
Հարավային Կորեայում, որը Հյուսիսի զենքերի առաջին թիրախն է, ՝՝չարքերին չնկատելու՛՛ Թրամփի դիրքորոշումն ընդունելի են համարում։
Վերլուծաբան Բոն Յոնգշիկն օրինակ ասում է, որ եթե մեծ կարեւորություն է տրվում Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու հարցերով բանակցություններին, ուրեմն ինչ որ կերպ կարելի է անտեսել մոտ նշանառության հրթիռների փորձարկումների փաստը։
Սակայն ոմանք էլ ունեն այն մտավախությունը, որ մոտ նշանառության հրթիռների փորձարկումների նկատմամբ հանդուրժողականությունը կարող է խրախուսել Հյուսիսի առաջնորդ Կիմին անցնելու ավելի հեռահար հրթիռների։
Ինչ վերաբերում է բանակցությունները վերսկսելուն, պետք է ասել, որ Հյուսիսի առաջնորդ Կիմը Թրամփին տվել է իր դիրքորոշումը մինչեւ այս տարվա վերջը փոխելու ժամանակ։ Թրամփը ողջունել է Հյուսիսի ու Ճապոնիայի միջեւ բանակցություններ անցկացնելու առաջարկը, եւ հայտարարել, որ ինքը չի էլ շտապում Հյուսիսի հետ միջուկային գործարք կնքելու հարցում։