Պարսից ծոցում նավթակիր նավերի եւ Սաուդյան Արաբիայի խողովակաշարերի դեմ իրականացված հարձակումները հնարավոր է, որ եղել են կազմակերպված Իրանի կողմից։ Այս մասին Կոնգրեսի փակ լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն։ Եթե այս գործողությունները շարունակվեն, նախագահը տվել է գործողության դիմելու իրավունք, ասել է նա։
Մինչ լսումները Թրամփն էր ասել, թե Իրանը մեծ սխալ թույլ տված կլինի, եթե ինչ որ նոր քայլերի դիմի։
Լսումներին մասնակցած կոնգրեսականների կարծիքները մեծապես տարբերվում են միմյանցից։
Ինչպես սենատոր Բերնի Սանդերսն է ասել, իրեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ կամա թե ակամա կարող է առաջ գալ մի իրավիճակ, որը կարող է տանել դեպի պատերազմ։ ՝՝Ու եթե դա անեք, իմացեք, որ այդ պատերազմը կշարունակվի երկար ու երկար տարիներ՛՛, ասել է նա։
Դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆիի խոսքերով, ՝՝Եթե իրանցիները պատրաստ չեն բանակցելու եւ շարունակում են սադրիչ գործողությունները Մերձավոր Արեւելքում, ուրեմն մեր ներկա քաղաքականությունն այստեղ համապատասխանում է իրադրությանը՛՛։
Հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմն էլ այն կարծիքին է, որ Իրանի միջուկային ծրագրի պատճառով Թեհրանի դեմ ուժեղացված պատժամիջոցները տալիս են իրենց պտուղները։ ՝՝Մենք այժմ թելադրում ենք մեր կանոնները։ Նրանք մեր դեմ նախկինում իրականացրել են հարձակումներ, Իրաքի պատերազմի ժամանակ տրամադրել են պայթուցիկներ, որոնց զոհ է գնացել ամերիկացի առնվազն 3ՕՕ զինվորական։ Սակայն այդ ժամանակներն արդեն անցել են՛՛, ասել է սենատորը։
Սակայն այս դիրքորոշումը ոչ թե ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն է, այլ դիրքորոշում, որն ունի ներքին սպառման նպատակ, ասում է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը։
՝՝Պետքարտուղար Փոմփեոն մոտ տասը րոպե խոսեց այն մասին, թե ինչ սարսափելի բաներ է Իրանն անում, մինչեւ այն պահը, երբ ես ընդհատեցի նրան։ Լավ, ընդունում ենք, որ Իրանը վատն է։ Ասացե՛ք, ինչ քաղաքականություն ենք մենք հիմա վարում՛՛։
Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, ԱՄՆ-ը գուցե վարում է մի քաղաքականություն Իրանի դեմ, որն ունի ներքաղաքական խնդիրները կոծկելու նպատակ, երբ աճում է դեմոկրատ այն կոնգրեսականների թիվը, որոնք պահանջում են անվստահության քվե ընդդեմ Թրամփի։