Այսօր, երբ Թրամփի վարչակազմը հայտարարում է Իրանից սպառնացող վտանգի մասին, երկրի օրենսդիրները պահանջում են դա ափացուցող փաստեր:
Հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմը պահանջում է, որ այդ մասին իրենց տեղեկություններ հայտնեն Պետդեպարտամենտի ու Պենտագոնի պաշտոնատար անձինք: Դեմկորատ սենատոր Ռոբերտ Մենենդեսn ու մի շարք այլ կոնգրեսականներ ասում են, թե չեն ուզում տեսնել Իրաքի պատերազմի կրկնություն Իրանում: Մենենդեսը հիշեցնում է 2003 թվականը, երբ պատերազմ սկսվեց ընդդեմ Իրաքի, այստեղ զանգվածային բնաջնջման զենքեր լինելու մասին ոչ ճշգրիտ տեղեկությունների պատճառով: ‘’Մենք դրա կրկնությունը չենք ուզում տեսնել’’, հայտարարում է նա:
Իրաքի պատերազմի բովով անցած գեներալ Դեյվիդ Փեթրիուսը, որը եղել է Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատարը, խորհուրդ է տալիս գտնել Իրանի վարքագիծը, այլ ոչ թե այս երկրի վարչակարգը փոխելու ուղիներ: Օրինակ բերելով Արաբական գարունը`նա հիշեցնում է, որ ‘’վարչակարգերի փոփոխությունից հետո միշտ չէ, որ ստացվում է այն պատկերը, որն ուզում էինք տեսնել’’:
Սակայն ներկա պահին մեծաթիվ հանրապետականներ են նախընտրում կոշտ ուղին: ‘’Հարկավոր է հստակ ուղերձ հղել Իրանին, որ նրանք այս անգամ պատասխան կտան, եթե փորձեն անել այն, ինչ արեցին 2004, 2005 եւ 2006 թվականներին, երբ զոհվեցին ու վիրավորվեցին հազարավոր ամերիկացիներ Իրաքում’’, ասում է սենատոր Դան Սուլիվանը:
‘’Շատ հասկանալի է, եթե Իրանը հարձակվի, կսկսվի պատերազմ, եթե չհարձակվի, պատերազմ չի սկսվի’’, այսպես է կարծում հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:
Իսկ թե ինչ է իրականում տեղի ունենում այս պահին Մերձավոր Արեւելքում, հասարակությունը դեռեւս չգիտի: Անցյալ շաբաթ գաղտնի տեղեկություններ են փոխանցվել Կոնգրեսի ղեկավարներին: Որոշ տեղեկություններ եկող մի քանի օրերի ընթացքում կփոխանցվեն նաեւ Կոնգրեսի մյուս անդամներին: