ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է, որ ներգաղթի ոլորտի Ամերիկյան քաղաքականությունը առաջնահերթություն տա կրթություն և մասնագիտական որակավորում ունեցող ներգաղթյալներին:
Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ը ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալների է տրամադրում մշտական կացության իրավունք, որոնց մեծամասնությոնն այն ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիների հետ ընտանեկան կապերի շնորհիվ:
ԱՄՆ-ի գործող վարչակազմը ցանկանում է կրճատել նման կերպ կացության իրավունք ստացած ներգաղթյալների թիվը, ինչպես նաև սահմանափակել մարդասիրական բնույթի վիզաների քանակը:
Դրա հետ մեկտեղ, նախագահ Թրամփը կոչ է անում դադարեցնել գրին քարտի խաղարկությունը ԱՄՆ-ում:
Նրա առաջարկած ծրագիրը կոչվում է «Կառուցիր Ամերիկան»: Այն պետք է հաշվի առնի մի շարք գործոններ, ներառյալ տարիքը, լեզվի իմացությունը, աշխատանքային գործունեությունն ու ամերիկյան պատմության և կառավարման համակարգի իմացությունը:
Դեմոկրատները սակայն դեմ են նախագահի այս ծրագրին՝ ընդգծելով ընտանիքի կարևորությունն ու ներգաղթի պատմական նշանակությունն ամերիկյան պատմության մեջ:
Այն նաև չի անդրադառնում այսպես կոչված DACA ծրագրով ներգաղթածների խնդիրներին, որոնք ԱՄՆ են ներգաղթել փոքր տարիքում: Այս մարդկանց թիվը հասնում է 700 հազարի:
«Սա այս փուլում չի կարող դառնալ օրենք: Նախագահը ակնարկել է, որ եթե Կոնգրեսը չհաստատի ծրագիրը, ապա նրանք կվերադառնան դրան, երբ կվերահսկեն նախագահական նստավայրն ու Ներկայացուցիչների պալատը: Սակայն մենք ականատես ենք եղել երկու տարի, թե ինչպիսին էր իրավիճակը, երբ հանրապետականները վերահսկում էին Սպիտակ տունն ու Կոնգրեսի երկու պալատները և այդպես էլ ոչինչ չարվեց ներգաղթի ոլորտում: Ուստի կարծում եմ այս նախագիծը ապագա չունի»,- ասում է Դեյվիդ Բիերը Քատո հաստատությունից:
Այն նաև անտեսում է հնարավոր հետևանքներն աշխատանքային շուկայում, որոնք կապված են մասնագիտական բարձր որակավորում չպահանջվող աշխատանքի հետ:
«Ոլորտները, որոնք ունեն աշխատուժի պակաս, լրացվում են այն ներգաղթյալների միջոցով, օրինակ շինարարությունը, գյուղատնտեսությունը և այլն: Այս ոլորտներում կա մեծ պահանջարկ: Բարձրորակ որակավորում ունեցող ներգաղթը չի ապահովի որակավորում չունեցող աշխատատեղերի պահանջարկը»,- նշում է Ռիք Սուն Բաֆոլո համալսարանից:
Նախագահ Թրամփը շարունակում է նաև պնդել սահմանային պատի կառուցման անհրաժեշտության մասին և ցանկանում ստեղծել համապատասխան հիմնադրամ , որը կգոյանա սահմանային անցման վճարումներից:
Facebook Forum