Մատչելի հղումներ

Ձերբակալվել են միջազգային կիբերհարձակումներ իրականացրած 11-հոգանոց խմբի վեց անդամները


Կիբերհարձակման են ենթարկվել տասնյակ հազարավոր ձեռնարկություններ եւ կազմակերպություններ: ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց խոսքերով, վերջին մի քանի տարիներին գրանցված հարձակումներն իրականացվել են արեւելաեւրոպական հանցագործ շրջանակներից` ընդդեմ հյուսիսամերիկյան եւ եվրոպական երկրների:
ԱՄՆ-ի դատախազություններից մեկը քրեական գործ է հարուցել ‘’Գոզնիմ’’ համակարգչային վիրուսը կիրառած հինգ անձանց դեմ:

Հյուսիսամերիկյան ու եվրոպական երկրների ոստիկանությունները հայտնում են, որ կիբերհարձակումներ իրականացրած 11 հանցագործները վիրուսներ են տարածել ավելի քան 41 հազար համակարգիչներում, ու փորձել են նրանց բանկային հաշիվներից հափշտակել ավելի քան 100 միլիոն դոլար:

ԱՄՆ-ի դատախազությունից հիշեցնում են, որ կիբերհանցագործությունները միջազգային խնդիր է դարձել, որը պահանջում է միջազգային լուծում: Այս հարձակումների արդյունքում միլիոնավոր դոլարների վնաս կարող է հասցվել անհատ անձանց ու ձեռնարկությունների:
Հետաքննիչների խոսքերով, նշված հանցավոր խումբն անհատ անձանց ու տարբեր ընկերությունների բանկային տեղեկություններն է կորզել` նրանց հետ հաստատելով խաբուսիկ էլեկտրոնային նամակագրություն:

Այս կիբերհարձակումներն իրականացրած հանցավոր խմբի վեց անդամները ձերբակալված են ԱՄՆ-ում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում:
Հանցավոր խմբի մնացյալ հինգ ռուսները դեռեւս գտնվում են որոնման մեջ:

XS
SM
MD
LG