Միջերկրական ծովում ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրի, B-52 մակնիշի ծանր կործանիչների եւ ռազաօդանավերի ներկայությունն արդեն բավարար է ասելու համար, որ այստեղ իրադրությունը չափազանց լարված է։ Թրամփի վարչակազմի հայտարարության համաձայն, դրա պատճառն Իրանից սպառնացող վտանգն է։
Եվրոպան հորդորում է, որ բախումների վերածվելու ունակ այս իրադրությունը հանդարտվի։ Այս մասին կոչով Եվրոպան դիմեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյին, երբ վերջինս Բրյուսել էր ժամանել երկուշաբթի օրը։ ՝՝Առավելագույն զսպվածության՛՛ կոչով նրան դիմեց Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Եվ չնայած Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագրից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի որոշմանը, Եվրոպան շարունակում է հորդորել Թեհրանին հավատարիմ մնալ գործարքով ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Վերլուծաբաններից Ջեք Ուոթլինգի խոսքերով, անցած մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի վարչակազմը Իրանին դրդում է հետ կանգնել կնքված գործարքի կարեւորագույն կետերի իրագործումից։ ՝՝Այնպես որ, հիմա շատ կարեւոր է, որ Եվրոպան կայացնի համապատասխան որոշումներ՛՛, ասում է նա։
Այս ընթացքում ԱՄՆ-ը շարունակում է սեղմել տնտեսական ճնշամիջոցների կոճակը։ Հնդկաստանը, որն Իրանից նավթի ամենախոշոր ներկրողներից էր, այս ամիս դադարեցրեց նավթի գնումները, երբ Վաշինգտոնը սկսեց նոր պատժամիջոցներ ընդդեմ Թեհրանի։ Դրանից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարեց, թե իր երկիրը ՝՝միշտ էլ կարողացել է պաշտպանել ինքն իրեն՛՛։
Հակամարտության տանող այս իրավիճակը Ուոթլինգը շատ վտանգավոր է համարում, ում խոսքերով, սկսվելու դեպքում այն կարող է իր մեջ կլանել ամբողջ տարածաշրջանը։
Նման հակամարտության հնարավորությունը շփոթեցրել է Եվրոպային, որը հայտնվել է երկու քարի արանքում, մի կողմից դաշնակից Միացյալ Նահանգներն է, որը Եվրոպային հորդորում է նույնպես հրաժարվել միջուկային գործարքից, մյուս կողմից Իրանն է, որը սպառնում է նման դեպքում վերսկսել իր միջուկային ծրագիրը։