Մատչելի հղումներ

ՀՀ վարչապետն ու Չինաստանի պետական խորհրդի նախագահը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների պալատում ՉԺՀ վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նա ընդգծել է երկկողմ դարավոր կապերի փաստը ու հավելել, որ այն լավ հիմք է Չինաստանի ու Հայաստանի միջև փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու համար:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալութուն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ «Ասիական քաղաքակրթությունների երկխոսության» համաժողովը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահերը»։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Լի Քեցյանը ևս կարևորել է երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը` նշելով, որ չինական կողմի մոտեցումները համընկնում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած ոլորտային առաջնահերթությունների հետ:

Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսութան ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և Հայաստանում այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը: Լի Քեցյանը շեշտել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է ներգրավվել նշված ծրագրերում:

Կողմերը քննարկել են «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, մասնավորապես, ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում ծրագրերի իրականացմանը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չինաստանի պետական խորհրդի նախագահը հայ-չինական տնտեսական հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են ճաշի ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանի արտաքին գործերի նախարար և Արդյունաբերության ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները:

XS
SM
MD
LG