Մատչելի հղումներ

Զոհրաբ Մնացականյանը կարեւորում է ԵՄ վիզաների ազատականացումը


Եվրամիության վիզաների ազատականացման հարցը Հայաստանի համար շատ կարևոր ու սկզբունքային հարց է, ասել է ՀՀ-ի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ վիզաների ազատականացումը մեծ նշանակություն ունի: «Խոսել եմ դրա մասին, որ կան տարբեր նկատառումներ, տարբեր հարցեր, որոնք վերաբերում են միգրացիայի հանդեպ վերաբերմունքին և քաղաքականությանը: Մեզ համար սա բավարար խոչընդոտ չէ, մենք չենք կարող դա ընդունել և ասել՝ շատ լավ, հարցը փակվեց։ Իհարկե, չփակվեց, և մենք շարունակելու ենք շատ հետևողականորեն տանել առաջ այն, որովհետև պնդում ենք, որ յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, ըստ իր կարողությունների։ Մենք շատ զգայուն ենք և որևէ կերպ չենք գործելու այնպես, որպեսզի ստեղծենք նման հնարավորության՝ ազատականացված ռեժիմի չարաշահում։ Մենք չենք քաջալերում որևէ բան, որը բերելու է խնդիրների: Հիմա մեզ ասում են, որ կան մյուս երկրները, որոնք օգտվում են ազատականացված ռեժիմից և չարաշահում են. մեզ համար դա բավարար փաստարկ չէ: Մենք ուզում ենք գնահատված լինել մեր արժանիքների, մեր կարողությունների համաձայն, և այդ առումով է, որ մեր բոլոր փորձագետները, մեր բոլոր համապատասխան գերատեսչությունները, որոնք առնչություն ունեն միգրացիայի հետ, շփման մեջ են եվրոպական համապատասխան փորձագետների հետ գնահատելու համար՝ որքանով ենք մեր կարողությունները զարգացած, որքանով են նրանք համապատասխանում չափանիշների, որպեսզի մենք կարողանանք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Իսկ արդյո՞ք կա վիզաների ազատականացման հստակ ամսաթիվ։ Այս հարցին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է, ասելով, թե «Թե, երբ կլինի՝ չեմ կարող ասել: Սա մեր օրակարգի կարևոր կետերից է: Սա շարունակական է: Ամենակարևորն այն է, որ մենք առիթ ունենանք գնահատել՝ որքանով են մեր կարողությունները բավարար, որպեսզի մենք դա սկսենք։ Վստահ ենք, որ բավարար առաջխաղացում ունենք այդ հարցում և այժմ, համադրելով այս ամենը և առաջ մղելով մեր օրակարգը, պետք է փորձենք արագացնել այս ամենը: Մեզ համար, նորից եմ կրկնում, սա շատ սկզբունքային հարց է»:

XS
SM
MD
LG