Մատչելի հղումներ

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամների հանդիպումը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը գրառում կատարեց Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում»:

«Մեծ պատիվ է ինձ համար այցելել պատմական այս շենք: Ես երախտապարտ եմ բարեկամ Լյուքսեմբուրգին ջերմ ընդունելության համար: Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերություները ունեն մեծ ներուժ` հետագայում այն ավելի զարգացնելու համար: Եվ մենք կանենք առավելագույնը դրան հասնելու համար»,- գրել է ՀՀ վարչապետը:

Այնուհետև արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց պատգամավորների հետ հանդիպումը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են Լյուքսեմբուրգում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Լյուքսեմբուրգյան կողմից մասնակցում են Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենը, պալատի փոխնախագահ Անրի Քոքսը, Բյուրոյի անդամներ, Պատգամավորների պալատի արտաքին ու եվրոպական համագործակցության, ներգաղթի և ապաստանի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարկ Անժելն ու հանձնաժողովի անդամներ։

Հանդիպման օրակարգում խորհրդարանական համագործակցության զարգացման հարցերն են։

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը 2018 թվականի հունիսի 29- ին միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ է քվեարկել 58 պատգամավոր: Լյուքսեմբուրգը ԵՄ 6–րդ երկիրն է, որը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 11-ին։

XS
SM
MD
LG