Մատչելի հղումներ

Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ ցածր, սակայն` կայուն


Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ ցածր, սակայն` կայուն
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը, բարձրանալով, հասել է իր նախագահության ընթացքում ամենաբարձր ցուցանիշին` 46 տոկոս: Սակայն դեմոկրատ կոնգրեսականների կողմից ճնշումներն ու քննադատությունները շարունակվում են:

Այն բանից հետո, երբ Ռոբերտ Մյուլլերի հատուկ հետաքննչական խումբը ներկայացրեց զեկույց այն մասին, որ չի եղել դավադրություն Թրամփի նախընտրական թիմի եւ ռուսների միջեւ, հանրապետական կոնգրեսականները սկսեցին պնդել, որ հիմա ժամանակն է այլ կարեւոր հարցերի վրա կենտրոնանալու համար:
Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը համոզված է, որ Մյուլլերի զեկույցը հիասթափեցրել է դեմոկրատներին, որոնց նպատակը, նրա խոսքերով, 2016 թվականի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելն է եղել:


Իսկ դեմոկրատները խոստանում են չդադարեցնել ճնշումները եւ շարունակել հետաքննությունը: Նրանք նաեւ փորձում են դատական հայց ներկայացնել ընդդեմ արդարադատության նախարար Ուիլյամ Բարրի` Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մեղադրանքով, քանի որ չի ներկայացնում զեկույցի չխմբագրված տարբերակը:

Ինչ վերաբերում է Թրամփին անվստահության քվե հայտնելու հարցին, պետք է ասել, որ դեմոկրատներն այստեղ միասնական չեն: Ինչպես Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին է ասում, իմփիչմենթը հասարակությունն ամենամասնատող ու բաժանող հանգամանքն է:

Վերլուծաբաններից շատերն էլ ասում են, որ իմփիչմենթի գործընթաց սկսելով, դեմոկրատներին միեւնույն է չի հաջողվի Թրամփին հայտնել անվստահության քվե, քանի որ Սենատում հանրապետականները կազմում են մեծամասնություն: Եվ գործընթացի տապալումը, ասում է վերլուծաբան Դեյվիդ Աբրահամը, ավելի կնպաստի Թրամփին հաջորդ ընտրություններում:


Առաջին անգամն է, որ ԱՄՆ-ի որեւէ նախագահի վարկանիշը նրա ամբողջ պաշտոնավարման ընթացքում չի անցնում 50 տոկոսի սահմանը: Սակայն Թրամփի վարկանիշն ընտրություններից հետո միշտ էլ եղել է, չնայած ցածր, սակայն` կայուն՛44-46 տոկոսի սահմաններում:

Այնպես որ, Թրամփը շարունակելու է արդարանալ ու մեղադրել դեմոկրատներին ‘’վհուկաորսի’’ մեջ, դեմոկրատները շարունակելու են Թրամփի հարցով լսումները: Իսկ իր վերջնական խոսքը ամերիկացի ընտրողն ասելու է մեկ եւ կես տարի անց, նախագահական ընտրությունների ժամանակ:

XS
SM
MD
LG