Մատչելի հղումներ

 Հյուսիսային Կորեան ու Վենեսուելան` ԱՄՆ-ի արտաքին գլխավոր խնդիրներ


Հյուսիսային Կորեան ու Վենեսուելան` ԱՄՆ-ի արտաքին գլխավոր խնդիրներ
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00

Այսօր, երբ փակուղու մեջ են մնում Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային հարցերով քննարկումներն ու բանակցությունները, Հյուսիսը վերսկսում է հրթիռային փորձարկումները: Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Հյուսիսը վավերացնի ապամիջուկայնացման մասին պայմանագիրը նախքան նրա վրայից կհանվեն պատժամիջոցները: Հյուսիսի առաջնորդ Կիմը պահանջում է, որ նախ հանվեն պատժամիջոցները:
Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն է ասում, Վաշինգտոնը դեռեւս հավատում է, որ բանակցություններն ի վերջո կտանեն դեպի Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու շուրջ համաձայնության: ‘’Եվ մենք ուզում ենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը եւ շարունակել քննարկումները’’, ասել է նա:
ԱՄՆ-ի պաշտոնատար այլ անձինք ավելի մտահոգ են Հյուսիսային Կորեայում իրականացված փորձարկումներով: Օրինակ Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահ Քորի Գարդների խոսքերով, ‘’հարկավոր է ավելի խիստ պատժամիջոցներ սկսել ընդդեմ Հյուսիսի մանիակի’’:

Հետաքրքիր է, որ Կիմի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը հավանության է արժանանում սենատոր Բերնի Սանդերսի կողմից, որը գրեթե բոլոր հարցերում է հակադրվում Թրամփի հետ: ‘’Թրամփի պես ես էլ հավատացած եմ, որ հարկավոր է նստել Կիմ Չան Ընի հետ ու բանակցել: Դժվար է իհարկե, սակայն հստակ է, որ Հյուսիսը սպառնալիք է ամբողջ մոլորակի համար’’, ասել է Սանդերսը:

Հյուսիսային Կորեան Ասիայի արեւելքից, Վենեսուելան` Հարավային Ամերիկայի հյուսիսից է զայրացնում Վաշինգտոնին, որտեղ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոյին չի հաջողվում կազմակերպել այնպիսի ապստամբություն, որը կտապալեր սոցիալիստ առաջնոր Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը:
Փոմփեոյի խոսքերով, Մադուրոն դեռեւս իշխանության ղեկին է: Սակայն նախագահ Թրամփն ունի խնդրին մոտենալու մի քանի ընտրություն, ասում է Փոմփեոն ու նշում, որ դրանց շարքում են դիվանագիտությունը, դաշնակիցների հետ համաձայնությունը ու նաեւ անհրաժեշտության դեպքում` ռազմական եղանակը: ‘’Եվ երբ իրավիճակը հասունանա, մենք ձեռնունայն չենք նստի’’, ասել է նա:
Ի դեպ, Մադուրոյի աջակից Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփն ասել է, թե Պուտինը չունի Վենեսուելայի խնդրում ներքաշվելու մտադրություն, եւ որ նա ցանկանում է այստեղ տեսնել դրական փոփոխություն:


XS
SM
MD
LG