Մատչելի հղումներ

Ինչու է քննադատում Նեթանյահուին Իսրայելի նախագահը


Չորեքշաբթի օրը Իսրայելում նշվում էր Հոլոքոստի տարելիցը: Հիշատակի օրվան նվիրված միջոցառումը աչքի ընկավ քաղաքական անհամաձայնությամբ երկրի վարչապետի ու նախագահի միջև:

Իսրայելում անցկացվեց Հոլոքոստի զոհերի հիշատակի տարելիցը, որի ընթացքում նախագահ Ռեուվին Ռիվլինը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց եվրոպական երկրների հասցեին:

«Աշխարհում աճող նեոնացիզմի ու արմատական հակաիսրայելական տրամադրությունները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ կարևոր եվրոպական դաշնակից երկրները ղեկավարվում են այնպիսի կառավարությունների կողմից, որոնք ներառում են հակասեմիթական տարրեր կամ գործիչների»,- հայտարարել է նախագահը:

Վերջինիս քննադատական խոսքը ուղղված էր նաև վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ով Հոլոքոստի առիթով հյուրընկալել էր Հունգարիայի, Լիտվայի և Լեհաստանի առաջնորդներին, որոնց աջակողմյան կառավարությունները մեղադրվում են հաճախ Հոլոքոստի իրականացման հարցում իրենց երկրների դերակատարության միտումնավոր նվազեցման մեջ:

Նեթանյահուն իր հերթին անդրադարձել է ԱՄՆ-ում հրեական սինագոգի վրա հարձակմանն ու հրեական գերեզմանների դեմ իրականացված վանդալիզմին:

«Մենք այսօր ապրում ենք պարադոքսային իրավիճակում: Աշխարհում հրեական պետության նկատմամբ դրական վերաբերմունքին զուգահեռ որոշ շրջանակեր ատելություն են սերմանում հրեաների հանդեպ: Ծայրահեղ աջակողմյան, ձախակողմյան կամ իսլամիստական ուժերը համախմբված են հրեաների դեմ ատելության շուրջ»,- հայտարարել է Նեթանյահուն:

Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը Իսրայելում չեն աշխատում ռեստորաններն ու սրճարանները, հեռուստատեսությունը հեռարձակում է նյութեր Հոլոքոստի մասին: Օրվա վերջում հայտարարվում է լռության երկու րոպե:

Facebook Forum

XS
SM
MD
LG