Մատչելի հղումներ

Մյուլերը մտահոգություն է հայտնել իր զեկույցի ներկայացման հարցում


ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Վիլյամ Բարը չորեքշաբթի վկայություն է տվել ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովում՝ Ռոբերտ Մյուլերի զեկույցի ու ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության մասին:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Վիլյամ Բարի վկայությունը ԱՄՆ-ի Սենատի դատական հարցերով հանձնաժողովի առջև գտնվում էր հանրության ուշադրության կենտրոնում: Երեքշաբթի օրը մամուլում տարածված տեղեկության համաձայն հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը իր մտահոգություններն է փոխանցել Վիլյամ Բարի ներկայացրած գնահատականների շուրջ:

ԶԼՄները հաղորդել են, որ Մյուլերը կոչ է արել գլխավոր դատախազին հրապարակել իր զեկույցի մասին իր եզրահանգումը: Բարը հրապարակել էր իր սեփական եզրակացությունները:

Ըստ Բարի, ինքը զանգահարել է Մյուլերին՝ զեկույցը քննարկելու համար և ընդգծել, որ հատուկ հետաքննողի մտահուգությունները կապված էին մամուլի հրապարակումների հետ

«Ես հարց ուղղեցի նրան, թե արդյո՞ք մարտի 24-ի նամակը սխալ է: Նա պատասխանեց, որ՝ ոչ, սակայն սխալ էին մամուլի մեկնաբանությունները»,- նշում է Բարը:

Ըստ Բարի, Մյուլերի մոտ մտահոգություն էին առաջ բերել հատկապես մամուլի մեկնաբանությունները կապված այն հարցի հետ, թե ինչու նա չի եկել որևէ եզրահանգման նախագահի կողմից իշխանության չարաշահման հարցում: Նա ցանկանում էր հավելյալ բացատրություններ հրապարակել այս առումով:

Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Դուրբինը կասկածի տակ առավ, թե արդյոք Բարը միտումնավոր կերպով ապակողմնորոշել է Կոնգրեսը անցած ամիս հատուկ հետաքննողի մտահոգությունների առիթով: Բարը հերքեց այդ մտավախությունը:

Հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրահամն ու այլ հանրապետականներ իրենց հերթին կենտրոնացել էին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինտոնի քարոզչական թիմի խախտումների և հատուկ հետաքննության քաղաքական նպատակների վրա:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Բարը կմասնակցի ԱՄՆ-ի Ներկայաացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի նիստին: Այն նախատեսված է հինգշաբթի օրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG