Մատչելի հղումներ

Ովքե՞ր կկազմեն Իսպանիայի իշխանական կոալիցիա


Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց բացարձակ մեծամասնություն չի ստացել, ուստի ստիպված է ձեւավորել կոալիցիա: Վերջին չորս տասնամյակում առաջին անգամ երկրի հիմնական օրենսդիր մարմնում են հայտնվել ծայրահեղ աջ ուժերը

Իսպանիայում կիրակի օրը տեղի ունեցավ երկրի ամենաթեժ խորհրդարանական ընտրություններից մեկը: Նրանց մասնակցում էին 80 կուսակցություններ եւ միություններ, որոնցից 13-ն անցան խորհրդարան:

Ձայների մեծ մասը, ինչպես ակնկալվում էր, ստացավ իշխող Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ Պեդրո Սանչեսը: Նախնական տվյալներով այն ստացել է 123 մանդատ 350-ից:

Կառավարության ձեւավորման համար պահանջվում է առնվազն 176 պատգամավորների աջակցություն:

Որպես դաշնակիցներ պատրաստ են հանդես գալ ձախ պոպուլիստների «Պոդեմոս» կուսակցությունը, որը թարգմանաբար նշանակում է «Մենք կարող ենք»: Նրանք խորհրդարանում ստացել են 42 պատգամավորական մանդատ: Բայց սոցիալիստների հետ մեկտեղ ընդհանուր մանդատների թիվը կկազմի միայն 165: Այսպիսով, հիմնական հարցն այն է, թե արդյոք Սանչեսին կհաջողվի համաձայնության գալ այլ կուսակցությունների հետ մնացած 11 տեղերի համար:

Դաշինքն աջակողմյան կենտրոնամետների հետ քիչ հավանական է, կարծում են քաղաքագետները, քանի որ կենտրոնամետները մեղադրում են սոցիալ-դեմոկրատներին անջատողականների կամ կատալանացիների հետ կապերի մեջ:

Հատկանշական է, որ Ֆրանկոյի ռեժիմի անկումից ի վեր, այսինքն, ավելի քան քառասուն տասնամյակ, առաջին անգամ խորհրդարան անցան ծայրահեղ աջակողմյան ուժերն ի դեմս Vox կուսակցության: Այն ստացավ ձայների ավելի քան 10 տոկոսը և կզբաղեցնի խորհրդարանում 24 տեղ:

Կուսակցության առաջնորդ Սանտիագո Աբասքալն ասում է, որ Vox-ի ներկայացուցիչները եկել են կառավարություն այստեղ երկար ժամանակ մնալու համար:

Խորհրդարանի մնացած տեղերը կբաշխվեն տարբեր ինքնավարություններ ներկայացնող ազգային ներկայացուցիչների միջև: Հիշեցնենք, որ Իսպանիայի արտահերթ ընտրությունները նշանակվել էին այս տարվա փետրվարին, երբ նախորդ խորհրդարանը հրաժարվեց ընդունել վարչապետ Սանչեսի կառավարության բյուջեի նախագիծը:

Facebook Forum

XS
SM
MD
LG