ԱՄՆ-ի օրենսդիրներն ակնկալում են, որ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը կմասնակցի մոտ ժամանակներում ԱՄՆ-ի Կոնգրեսում նախատեսվող լսումներին հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի զեկույցի վերաբերյալ: Վիլիամ Բարը հնչեցրել էր այս զեկույցի հիմնական եզրակացությունները:
«Ռուսաստանի կառավարությունը ցանկացել է խառնվել մեր ընտրական գործընթացին: Սակայն ի շնորհիվ հատուկ հետաքննողի իրականացրած հետաքննության, մենք գիտենք, որ ռուսական ներգրավվածության իրականացնողները չեն համագործակցել նախագահ Թրամփի կամ նրա քարոզչական թիմի հետ»,- հայտարարել է Բարը:
Բարն ընդգծել է, որ նախագահ Թրամփը ի սկզբանե պնդում էր, որ որևէ համագործակցություն չի եղել ռուսական կողմի հետ:
«Առկա են հստակ ապացույցներ, որ նախագահը զայրացած էր այն փաստի կապակցությամբ, որ հետաքննությունը սպառնում էր նրա նախագահությանը, որը խրախուսվում էր նրա քաղաքական հակառակորդների կողմից ու անօրինական տեղեկատվական արտահոսքի միջոցով»,- նշել է Բարը:
Դեմոկրատները սակայն մեղադրեցին գլխավոր դատախազին՝ նրան համեմատելով նախագահի դատապաշտպանի հետ: Հանրապետականներն էլ իրենց հերթին հանդես եկան ի պաշտպանություն Բարի՝ ընդգծելով, որ վերջինս վտանգի տակ չէր դնի իր անունը:
Մյուլերի զեկույցը ներառում է մի շարք իրավիճակներ, որտեղ նախագահի գործողությունները կարելի է որակել որպես չարաշահում, սակայն զեկույցը որևէ կերպ չի եզրակացնում, որ նախագահի գործողությունները պարունակում են քրեական պատասխանատվության տարրեր: Դեմոկրատները սակայն պահանջում են հետաքննության շարունակություն:
Վերջիններիս քաղաքական ճամբարում առկա է պառակտում՝ նախագահին իմպիչմենտ հայտարարելու հարցի շուրջ: Հանրապետականները իրենց հերթին համախմբված են և կոչ են անում փակել այս էջն ու կենտրոնանալ այլ խնդիրների վրա:
«Չկա համագործակցություն կամ օրենքի խախտում: Կարծում եմ մարդիկ պատրաստ են փակել այս էջը»,- ասում է հանրապետական սենատոր Ռոյ Բլանտը:
Վիլիամ Բարը պատրաստ է վկայություն տալ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների առջև, սակայն Արդարադատության նախարարությունն այս հարցում ունի իր վերապահումները և դեմ է, որ երկրի գլխավոր իրավաբանին հարցաքննեն հանձնաժողովներին կից իրավաբանները:
Facebook Forum