Ռուսաստանում վեց տարի առաջ ընդունված Դիմա Յակովլև օրենքը թույլ չի տալիս ԱՄՆ-ի քաղաքացիներին որդեգրել ռուսաստանցի երեխաների: Այս օրենքը իր ազդեցությունը թողեց հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, քանի որ ինչպես նշում են փորձագետները, առողջական խնդիրներ ունեցող երեխաները Ռուսաստանում շատ հազվադեպ է, որ կարողանում են նոր ընտանիք գտնել:
«Հաշմանդամություն ունեցող երեխաներին շատ հազվադեպ են որդեգրում: Հատուկենտ դեպքեր են լինում»,- ասում է մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչ Միտյա Ալեշկովսկին:
Դիմա Յակովլեվի օրենքի քննադատները պնդում են, որ այս օրենքը սահմանափակում է հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող ծնողազուրկ երեխաների հնարավորությունը նոր ընտանիք գտնել Միացյալ Նահանգներում:
«Սա ահավոր օրենք է, անմարդկային: Այն թիրախավորում է ամենաթույլերին ու անպաշտպաններին»,- ասում է Ալեշկովսկին:
Օրենքն ընդունվեց, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ Սերգեյ Մագնիցկու մահից հետո 2009 թվականին:
Հանրային բողոքն ընդդեմ այս օրենքի չհանգեցրեց որևէ փոփոխության, սակայն փորձագետները նշում են, որ այն զարկ տվեց հանրային քննարկումներին երեխաների որդեգրման հարցերի շուրջ:
«Մամուլում եղան հրապարակումներ կապված ամերիկացիների կողմից մեր հաշմանդամություն ունեցող երեխաներին որդեգրելու մասին: Դրանից հետո առողջական խնդիր ունեցող երեխաների որդեգրման թիվն աճել է»,- նշում է ծնողազուրկ երեխաների հիմնադրամի կամավոր Ելենա Ալշանսկայան:
Ըստ վիճակագրության, այսօր Ռուսաստանում ավելի շատ հաշմանդամություն ունեցող երեխաներ են որդեգրվում, սակայն ինչպես պնդում են փորձագետներն, դեռ առկա են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես այսպիսի երեխաներին հասարակական կյանքում ինտեգրելու եւ անկախ ապրելու հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից։
Facebook Forum