Մատչելի հղումներ

Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչման գործում. Էդուար Ֆիլիպ


Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Ֆրանսիան հավատարիմ է մնում իր արժեքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, ով ապրիլի 24-ին Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Ֆրանսիան առաջին անգամ էր ազգային օրվա կարգավիճակով նշում Հայոց ցեղասպանության տարելիցը:

«Մենք ձգտում ենք պատմական ճշգրտության և հաշտության: Հայերը սպանվել են, որովհետև նրանք ներկայացնում էին էթնիկ և քրիստոնեական փոքրամասնություն: Այսօրը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր՝ Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության, քաղաքակրթության դեմ հանցագործության ճանաչման գործում: Ես մտածում եմ հայկական ծագում ունեցող մեր բոլոր հայրենակիցների մասին, ովքեր չեն մոռանում իրենց ծագումն ու պատմությունը: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը խաղաղության օր է, այն չի նշվում ի վնաս մեկ այլ ազգի»,-նշել է Էդուար Ֆիլիպը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվել այդ երկրի տարբեր քաղաքներում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

XS
SM
MD
LG