Մատչելի հղումներ

Ամերիկահայ պաշտոնյան ցանկանում է մեկ օր այցելել իր նախնիների տունը Թուրքիայում


Փիթեր Քութուջյան
Փիթեր Քութուջյան

Ամերիկահայ սփյուռքի ամենավառ ներկայացուցիչներից է Մասաչուսեթս նահանգի քաղաքական գործիչ Փիթեր Քութուջյանը, ում ջանքերի շնորհիվ 2012 թվականին Բոստոնում բացվեց հիշարժան մի հուշարձան: Այդ և այլ թեմաների շուրջ Քութուջյանը զրուցել է Ամերիկայի Ձայնի լրագրող Կարինա Բաֆրաջյանի հետ:

Ապրիլի 24-ը հայերի զանգվածային կոտորածի զոհերի հիշատակի օրն է: Այս սարսափելի իրադարձությունները պատճառ դարձան Օսմանյան կայսրությունից հայերի զանգվածային արտագաղթի համար, որի արդյունքում Ամերիկայում ձեւավորվել է ամենամեծ հայկական Սփյուռքը Ռուսաստանից հետո: Նրա ամենավառ ներկայացուցիչներից է Մասաչուսեթս նահանգի քաղաքական գործիչ Փիթեր Քութուջյանը, ում ջանքերի շնորհիվ 2012 թվականին Բոստոնում բացվեց հիշարժան մի հուշարձան: Այդ և մի շարք այլ թեմաների շուրջ Քութուջյանը զրուցել է Ամերիկայի Ձայնի լրագրող Կարինա Բաֆրաջյանի հետ:

Փիտեր Քութուջյանը ուղեկցում է մեր նկարահանող խմբին Մասաչուսեթսի խորհրդարանում: Այստեղի Ներկայացուցիչների պալատում նա իրեն զգում է ինչպես տանը: Այստեղ են անցել նրա աշխատանքային 14 տարիները, երբ Քութուջյանը հանդիսանում էր նահանգի օրենսդիր: Վերջին 8 տարիների ընթացքում նա զբաղեցնում է Միդլսեքս շրջանի շերիֆի պաշտոնը, բայց դեռ սիրում է վերադառնալ այստեղ: Նրա յուրաքանչյուր այցելություն աննկատ չի անցնում և պատճառը ոչ միայն նրա բարձր հասակն է, այլ նաև այն, որ Քութուջյանն ակտիվ քաղաքական գործիչ է: Նա մասնակցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններին, պարգեւատրվել «Էլլիս կղզու Պատվո մեդալով»` երկրի զարգացման գործում ունեցած իր ավանդի համար եւ մշտապես աջակցել է տեղի հայ համայնքին:

«Կարծում եմ՝ իմ պետական ծառայության հիմնական ձեռքբերումներից է հայ ժառանգության պուրակի բացումը: Դա շատ դժվար էր: Սկզբում մենք ոչ գումար, ոչ էլ աջակցություն ունեինք: Այն հանձնախումբը, որը սկսել էր ծրագիրը, ձախողվեց: Երկար ժամանակ ես միակն էի, ով հույս ուներ վերսկսել այս գաղափարը»,- ասում է Քութուջյանը:

Ի վերջո հնարավոր դարձավ գտնել ճիշտ մարդկանց: Նոր մարտահրավերներից էր Բոստոնի կենտրոնում հուշահամալիրի համար համապատասխան տեղի հայթայթումը:

«Ոչ ոք չէր ցանկանում սկսել այս ծրագիրը: Մենք բոլորի համար խնդիր էինք դարձել: Բայց մենք շարունակում էինք պայքարել, որովհետեւ ուզում էինք բացել հուշահամալիրը հենց Ռոզա Ֆիցջերալդ Քենեդիի հրապարակում: Շատ քաղաքական գործիչներ եւ կազմակերպություններ փորձել են խոչընդոտել, որովհետեւ նրանք նույնպես հետաքրքրված էին այս տարածքով: Եվ, իհարկե, թուրքական պետության ներկայացուցիչները, քանի որ նրանք չէին ցանկանում որեւէ տեսքով տեսնել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Բայց մենք պատրաստ էինք դրան»,- ասում է Քութուջյանը:

Երկար բանակցություններից հետո ծրագիրը վերջապես ստացավ քաղաքի աջակցությունը: Բոստոնի հայ համայնքից բացի, Մասաչուսեթսի ներկայիս նահանգապետ Դևալ Փաթրիկը, ով ևս ներգաղթյալների ժառանգորդ է, մեծ օգնություն ցուցաբերեց այս գաղափարի իրականացմանը: Երկու տարվա շինարարությունից հետո 2012 թ-ին վերջապես բացվեց Հայկական ժառանգության այգին:

Քոթուջյանը հույս ունի, որ ամերիկահայերի պատմության հաջորդ կարեւոր փուլը կլինի Ցեղասպանության պետական մակարդակով ճանաչումը: Ամերիկայի հիսուն նահանգներից գրեթե բոլորը ճանաչել են այն բացառությամբ Միսսիսիպիի: Բայց Սպիտակ տունը եւ ԱՄՆ Կոնգրեսը դեռեւս չեն համարձակվում գնալ այդ քայլին:

«Ես գիտեմ, որ մի օր նրանք կճանաչեն, քանի որ հնարավոր չէ ժխտել ճշմարտությունը»,- նշում է Քութուջյանը:

Նա հավելում է, որ իր նախնիները ԱՄՆ են ներգաղթել Թուրքիայից, սակայն այսօր ինքը չի կարող այցելել իրենց հայրենիքը: Իրենց հարազատ Մարաշ քաղաքն այժմ բացարձակ այլ պատկեր ունի: Բայց նա ցանկանում է մեկ օր գնալ այնտեղ և հարգանքի տուրք մատուցել իր նախնիների հիշատակին : Նա ցանկանում է այցելել ամբողջ ընտանիքով և հավատացած է, որ այդ ժամանակները մի օր գալու են:

Facebook Forum

XS
SM
MD
LG