Հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերի կողմից ղեկավարվող հետաքննչական խմբի ներկայացրած զեկույցը նախագահ Դոնալդ Թրամփին շունչ քաշելու ժամանակ տվեց։ Սակայն Կոնգրեսը չի բավարարվում զեկույցի կրճատված տարբերակով, եւ ունենալով ինքնուրույն հետաքննություն անցկացնելու եւ նույնիսկ նախագահին անվստահության քվե հայտնելու իշխանություն, պահանջում է զեկույցի ամբողջական տարբերակը։
՝՝Մենք չենք կարող ունենալ մի նախագահ, որը փորձում է արգելափակել օտար երկրի կողմից մեր դեմ իրականացված հարձակման շուրջ անցկացվող հետաքննությունը՛՛, հայտարարում է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը եւ նշում, որ ինքը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին սկսել իմփիչմենթի գործընթաց։
Պալատի մեծամասնության ղեկավար Ստեյնի Հոյերը սակայն անվստահության քվե հայտնելու կարիք չի տեսնում։ Նրա խոսքերով, մարդիկ իրենց խոսքը շուտով՝ հաջորդ տարի կարող են ասել նախագահական ընտրությունների ժամանակ։
Թրամփի խոսքերով, ՝՝արմատական ձախ դեմոկրատները չեն ցանկանում ընդունել ժողովրդի շահերից բխող օրենքներ եւ ժամանակը միայն վատնում են հետաքննության վրա՛՛։
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆն էլ տարակուսում է, թե որն է ճիշտ ուղին։ ՝՝Եթե իմփիչմենթի գործընթաց չսկսվի, կստեղծվի տպավորություն, որ նախագահի նման պահվածքը համատեղելի է նրա պաշտոնի հետ։ Իսկ արդյո՞ք երկրի շահերից է բխում իմփիմենթի գործընթացը, երբ վստահ ենք, որ այն կտապալվի Սենատում հանրապետականների մեծամասնության կողմից՛՛, ասում է նա։
Սպիտակ տունը պնդում է, որ Թրամփն արդարացված է։ Նախագահի խորհրդական Քելիան Քոնուեյի խոսքերով, հետաքննությունն ապացուցել է, որ չի եղել Թրամփի նախընտրական թիմի ու Կրեմլի մասնակցությամբ որեւէ դավադրություն
՝՝Նախագահը չի բանտարկվելու։ Նա մնում է Սպիտակ տանը հինգ տարի, քանի որ չկա որեւէ հանցագործություն՛՛, ասել է նա։
Մյուլլերի զեկույցը մանրամասնորեն նկարագրել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու եւ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընի քարոզարշավը վնասելու Ռուսաստանի ջանքերը։ Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, ԱՄՆ-ի Սպիտակ տունը՝ պնդում, որ նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն էր մեղավոր Ռուսաստանի այս գործողությունները խոչընդոտելու անկարողության համար։