Մատչելի հղումներ

Սուդանի նախկին նախագահին դատելու են տեղում


Սուդանի նախկին նախագահին դատելու են տեղում
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը տեղափոխվել է խստագույն հսկողությամբ բանտ։ Մոտ երեսուն տարի առաջ հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթած ալ Բաշիրը ձերբակալվեց անցած հինգշաբթի օրը, երբ մի քանի ամիս շարունակվող համատարած բողոքի ցույցերի արդյունքում միջամտություն ցուցաբերեցին երկրի զինված ուժերը։

Ալ Բաշիրի իշխանության տապալումն ու նրա կառավարության մի շարք անդամների ձերբակալություններն իրականացրեց գեներալ Ավադ իբն Աուֆը, որը դրանից հետո իշխանությունը հանձնեց գեներալ լեյտենանտ Աբդել Ֆաթար Աբդելռահման Բուրհանին։ Նոր հաստատված ռազմական խորհուրդը հայտարարում է, թե երկիրը ղեկավարելու է առավելագույնը երկու տարի, որից հետո իշխանությունը կհանձնի քաղաքացիական կառավարությանը։

Այս ընթացքում ցույցերը երկրում չեն դադարում։ Մարդիկ պահանջում են, որ կազմվի նոր կառավարություն եւ իշխանությունը հանձնվի քաղաքացիական կառավարությանը։ Նրանք պահանջում են կազմալուծել պետական հետախուզական գործակալությունները, վերացնել գրաքննությունը։ Ինչպես զինված ուժերի խոսնակն է ասել, աշխատանքներ են տարվում գրաքննությունը վերացնելու եւ անվտանգության նոր ղեկավարներ նշանակելու ուղղությամբ։ Անցումային ռազմական խորհուրդն էլ մեկնել է Եթովպիա, որտեղ քննարկում են նոր վարչապետի ընտրության հարցը։ Ռազմական խորհուրդը հայտարարում է, թե չի խոչընդոտելու ցույցերի անցկացումը՝ ավելացնելով, որ ՝՝ցուցարարների կողմից զենքի կիրառումը բանակը չի հանդուրժի՛՛։

Օմար ալ Բաշիրը, որը դեռեւս մի քանի ամիս առաջ թվում էր, թե այս երկրի ղեկն իր ձեռքն է պահելու մինչեւ մահ, այժմ գտնվում է Քոբարի բանտում՝ առավելագույն հսկողությամբ հաստատություն, ուր նա ուղարկում էր քաղաքական իր հակառակորդներին ու այլախոհներին։

Սուդանցիները հույս ունեն, որ իրենց նախկին, այսպես ասած, տիրակալը կպատժվի գործած վայրագությունների համար։ Հիշեցնենք, որ Օմար ալ Բաշիրը 1989 թվականին իշխանությունը զավթելուց ի վեր աֆրիկյան այս երկիրը կառավարել է ուժեղ բռունցքի ուժով, եւ քաղաքացիական պատերազմի փաստն օգտագործել՝ Դարֆուրում ցեղասպանություն իրականացնելու համար։ 21-րդ դարի առաջին այս ցեղասպանությանը, որն ուղղված էր ընդդեմ տեղի ֆուր, մասալիթ եւ զագավա ցեղախմբերի, զոհ գնաց ու բռնաբարվեց ավելի քան մեկ միլիոն երեխա։

Քրեական հանցագործությունների միջազգային դատարանը ալ Բաշիրի ու մի քանի այլոց դեմ հարուցել է մարդկության դեմ իրականացված հանցագործությունների մեղադրանք։ Հարեւան Ուգանդան հայտարարել է, թե կարող է ապաստան տրամադրել ալ Բաշիրին, եթե վերջինս դիմի այդ խնդրանքով։ Սակայն, լինելով Քրեական հանցագործությունների միջազգային դատարանի անդամ, այդ դեպքում Ուգանդան պարտավորված կլինի նրան հանձնել դատարանին։ Սակայն Սուդանի գեներալներն ասում են, թե նրան չեն հանձնելու միջազգային դատարանին ու դատելու են տեղում։

XS
SM
MD
LG