Մատչելի հղումներ

Փարիզի Աստվածամոր տաճարը 7 ժամից ավելի կրակի մեջ էր


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս․ Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները, երեկ ուշ գիշերին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միանալով ողջ աշխարհով տարածված ցավի ու ափսոսանքի խոսքերին:

Տաճարը, որ կառուցվել էր երկու հարյուր տարի, վերապրել էր հարյուրամյա պատերազմը, վեց հեղափոխություն ու երկու համաշխարհային պատերազմ, ավելի քան յոթ ժամ կրակի մեջ էր, խոշոր հրդեհը հնարավոր եղավ կանգնեցնել այսօր վաղ առավոտյան միայն:

Հրդեհի կադրերը ժամեր շարունակ առաջատար հեռուստատեսությունների եթերում էին, աշխարհը ուղիղ եթերում էր հետևում ու արձագանքում: «Նոտր-Դամը Ֆրանսիայի ու եվոպական մշակույթի խորհրդանիշն էր, Փարիզի սիրտը, նրա հետ մեր բոլորի մի մասը այրվեց», - հայտարարում էին աշխարհի առաջնորդները:

Գիշերը դեպքի վայր եկած նախագահ Էմանյուել Մակրոնը դժվարությամբ էր թաքցնում հուզմունքը: «Նոտր-Դամը Փարիզի տաճարն է և ոչ միայն՝ այն մեր պատմությունն է, մեր գրականությունը, մեր հոգու մի մասնիկը, մի վայր, ուր մենք ապրել ենք մեր պատմության կարևորագույն պահերը՝ համաճարակներ, պատերազմներ ու ազատագրում, այն մեր կյանքի էպիկենտրոնն է, մի կետ, որտեղից չափում ենք՝ որքանով ենք Փարիզին մոտ կամ հեռու, տաճար, որ թանկագին է բոլոր ֆրանսիացիների և անգամ նրանց համար, ովքեր երբեք չեն եղել այստեղ», ասում էր Ֆրանսիայի նախագահը:

Ժամեր անց, երբ արդեն պարզ էր, որ ավերիչ կրակը կլանել է գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը, Մակրոնը պնդեց՝ Նոտր-Դամը վերականգնվելու է. դա ազգային արժանապատվության հարց է Ֆրանսիայի համար: «Մենք կվերակառուցենք այս տաճարը միասին, ես հանձնառու եմ այդ գործին, վաղվանից սկսած դրամահավաք կսկսվի Ֆրանսիայով մեկ և մեր սահմաններից դուրս, մենք կդիմենք տաղանդավոր մարդկանց, և շատերը կգան՝ այս գործին աջակցելու: Եվ մենք կվերականգնենք այն, որովհետև դրան է սպասում Ֆրանսիան», - հայտարարեց նախագահը:

Առավոտյան արդեն Ֆրանսիային օգնության ձեռք մեկնեցին տեղի ամենահարուստ գործարարներն ու դաշնակից երկրների առաջնորդները: Ֆրանսիացի գործարար Ֆրանսուա-Անրի Պինոյի ընտանիքը խոստացնում է 100 միլիոն եվրո հատկացնել, Louis Vuitton-ը՝ 200 միլիոն եվրո:

Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը, իր հերթին, կոչ է արել կառույցի անդամ 28 երկրներին մասնակցել այդ գործին: «Գիտեմ, Ֆրանսիան ինքնուրույն կարող է անել դա, բայց խնդիրը հիմա ավելին է, քան զուտ ֆինանսական աջակցությունը: Նոտր-Դամի հրդեհը վերստին հիշեցրեց, որ մենք կապված ենք համաձայնագրերից էլ ավելի կարևոր և ամուր թելերով», - շեշտել է Տուսկը:

Իրավապահները դեռ չեն նշում՝ որն է եղել հրդեհի պատճառը, դատախազությունը հայտարարել է միայն, թե դիտավորության հետքեր չի տեսնում, այս հարցով հետաքննություն է ընթանում: Տեղական մամուլը փաստում է՝ իրական պատճառների վերհանումը դժվար է լինելու:

«Նախնական քննության համաձայն՝ հրդեհը սկսվել է Նոտր-Դամի վերին հատվածում, որտեղ անցած տարվանից վերականգնողական աշխատանքներ էին իրականացվում, և տարածվել չափազանց արագ: Ընդ որում, կրակի բռնկման ժամանակ տեղում աշխատողներ այլևս չեն եղել, այդ իսկ պատճառով դժվար կլինի իրեղեն ապացույցներ գտնել՝ կրակի աղբյուրը բացահայտելու համար», - գրել է հեղինակավոր Le Monde պարբերականը:

XS
SM
MD
LG