Մատչելի հղումներ

Քաղաքական լարվածությունը ներգաղթի հարցի շուրջ շարունակվում է


Քաղաքական լարվածությունը ներգաղթի հարցի շուրջ շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Չնայած անօրինական փախստականությունը դադարեցնելու հարցի շուրջ նախագահ Թրամփի կարծր խոսքերին, միգրանտների հոսքը դեպի ԱՄՆ շարունակվում է մեծ արագությամբ: Թրամփը վերջերս ստիպված եղավ հետ կանգնել Մեքսիկայի հետ սահմանը լիովին փակելու իր նախկին դիրքից: Իր այս քաղաքականությունը նա փոխարինեց մյուսով, որոշելով միգրանտներին ուղարկել այն նահանգներ ու քաղաքներ, որոնք գտնվում են դեմոկրատների կառավարման ներքո:

‘’Կալիֆորնիան միշտ էլ հայտարարել է, թե ավելի մեծ թվով մարդկանց կարիք ունի: Ուրեմն, մենք նրանց կտանք ավելի մեծ թվով մարդիկ, ու կտեսնենք, թե ինչպես է դա երջանկացնելու նրանց’’, հայտարարում է Թրամփը:

Սպիտակ տունը հայտարարում է, թե այս հարցի շուրջ որոշում դեռեւս չի կայացվել: Ինչպես խոսնակ Սառա Սանդերսն է ասում, միգրանտների հոսքը կանգնեցնելը գերազանց կլիներ: ‘’Ու եթե դեմոկրատները միանային նախագահին համապատասխան օրենքները փոփոխության ենթարկելու հարցում, այս խնդիրը լուծում կստանար’’, ասում է նա:

Թրամփի կառավարման առաջին երկու տարիներին ԱՄՆ-ում չի իրականացվել ներգաղթի հարցով օրենքների փոփոխություն, երբ Կոնգրեսում մեծամասնություն էին կազմում հանրապետականները: 2013 թվականին էլ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները թույլ չտվեցին, որ Սենատում ընդունված բանաձեւը վերածվեր օրենքի: Հիմա փորձ է արվում ուժի մեջ դնել Թրամփի գործադիր որոշումը, որպեսզի դադարեցվի Կենտրոնամերիկյան երեք երկրներին ԱՄՆ-ի օգնությունը:

Ինչպես պետքարտուղար Մայք Փոմփեոն է ասում, Էլ Սալվադորին, Գվատեմալային եւ Հոնդուրասին Միացյալ Նահանգները հատկացրել է հարյուր միլիոնավոր դոլարներ, այստեղից արտագաղթի խնդիրը լուծելու համար: ‘’Սակայն միգրանտների շարժը դեպի ԱՄՆ շարունակվում է, ինչը ցույց է տալիս, որ դրամական այս հատկացումն իրեն չի արդարացնում’’, ասել է նա:

Դեմոկրատները կարծում են, որ դրամական հատկացումները դադարեցնելու դեպքում էլ ավելի մարդաշատ կդառնան միգրանքների քարավանները:


XS
SM
MD
LG