''Ազատություն՛՛ ռադիոկայան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել երկկողմ փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում:
Դեսպան Թրեյսին նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ հիմք են նաև երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար:
Տիգրան Ավինյանը զրուցակցին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման և կարողությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս նախաձեռնություններում ամերիկյան կողմի մասնակցության մեծացման հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին: