Մատչելի հղումներ

Թրամփ. Նեթանյահուի հաղթանակը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը


Թրամփը շնորհավորել է Նեթանյահուին ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջինիս հաղթանակը կնպաստի խաղաղության հաստատմանը: Թրամփի վարչակազմը խոստացել է Իսրայելի ընտրությունների ավարտից հետո հրապարակել Մերձավոր Արևելքի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր։

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Բենյամին Նեթանյահուն, ով կարող է հինգերորդ անգամ ստանձնել վարչապետի պաշտոնը:

Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նեթանյահուին և ընդգծել, որ նրա վարչապետությունը կնպաստի խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում:

Նախքան ընտրությունները Թրամփը Սպիտակ տուն էր հրավիրել Նեթանյահուին և իր ներկայությամբ ճանաչել Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք: Այս քայլը ևս նպաստել է Նեթանյահուի վերընտրմանը:

Երկուշաբթի օրը նախագահ Թրամփը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Կորպուսը հանդիսանում է Իրանի բանակային ստորաբաժանում: Սա աջակցության մեկ այլ դրսևորում էր ուղղված Բենյամին Նեթանյահուին, կարծում են վերլուծաբանները:

«Այսպիսով աջակցություն է ցուցաբերվում վարչապետ Նեթանյահուի կոշտ դիրքորոշմանը Իրանի հարցում»,- ասում է վերլուծաբան Ալեքս Վատանգան:

Նախկինում Թրամփը աջակցություն էր հայտնել Իսրայելի և Պաղեստինի միջև երկու պետություններ տարբերակին: Վարչակազմը խոստացել է հրապարակել խաղաղության ծրագիրն Իսրայելի ընտրությունների ավարտից հետո:

Վերլուծաբանները սակայն այդքան էլ լավատես չեն, որ պաղեստինյան կողմը կընդունի ծրագիրը՝ հաշվի առնելով Թրամփի վերջին շրջանի իսրայելամետ մի շարք որոշումները:

Բացի այդ, ընտրություններից առաջ Նեթանյահուն խոստացել է Իսրայելին բռնակցել նաև գրավված Հորդանան գետի Արևմտյան ափը: ԱՄՆ-ի վարչակազմի արձագանքն այս քայլին դեռևս պարզ չէ:

«Բռնակցումը լրջորեն կազդի Հորդանան գետի Արևմտյան ափի հետագա ճակատագրի վրա: Այն գրեթե անհնարին կդարձնի խաղաղության հաստատումը»,- ասում է Զենա Աղան Ալ Շաբակայից

Նախագահ Թրամփը ամենայն հավանականությամբ կհրապարակի իր ծրագիրը, որի կազմման հարցում մեծ դեր է խաղացել նրա խորհրդական Ջարերդ Քուշները: Սպիտակ տունը կոչ է արել կողմերին դիմել փոխզիջումների:

Facebook Forum

XS
SM
MD
LG