Մատչելի հղումներ

ՀՀ վարչապետ. Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ֆորմատի փոփոխության հարց չի դնում


ՀՀ վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմը բանակցային ձևաչափի փոփոխության հարց չի դնում: Նախկինում Արցախի ներկայացուցիչները նստել են բանակցային սեղանի շուրջ, և հայկական կողմը դնում է բանակցային ֆորմատը նույն ձևաչափում շարունակելու հարց:

Վարչապետ Փաշինյանն այս մասին խոսեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նիստում՝ պատասխանելով Թուրքիայի պատվիրակի հարցին:

«Մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ պահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին ու տրամաբանությանը: Այն ձևաչափը, որի շրջանակում տեղի է ունենում Արցախի հարցի խաղաղ կարգավորման քննարկումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Եվ երբ նայենք պատմությունը, թե ինչ է ԵԱՀԿ Մինսկի խումբը և ինչպես է ստեղծվել, կտեսնենք, որ ենթադրվել է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Դա ոչ միայն ենթադրվել է, այլ նաև տեղի է ունեցել: 90-ականներին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Մոսկվայում: Մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, երբ որ այդ կոմունիկացիան արվում էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին մասնակցություն են ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները: Եվ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դնում, մենք դնում ենք բանակցային ֆորմատի նույն ձևաչափում քննարկումը շարունակելու հարցը»-ասաց Փաշինյանը:

Նա վստահեց, որ դա հայկական կողմի համար բացարձակապես նախապայման չէ, քմահաճույք չէ: Վարչապետը նկատեց, որ ոմանք սկզբում փորձել են սա որակել որպես ապակառուցողական դիրքորոշում, սակայն ուղիղ հակառակն է: «Եթե ուզում ենք հարցը կարգավորել, ինչպե ՞ս ենք պատկերացնում Լեռնայի Ղարաբաղի հարցի կարգավորումն առանց Լեռանային Ղարաբաղի: Հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը: Սակայն այն մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, ծնվել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել այնտեղ, ինչպես կարող են օկուպացիա անել: Ինչպես մարդը կարող է օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքն է ծնվել, որտեղ իր երեխան է ծնվել և որտեղ ծնվել, ապրել և հուղարկավորված են իր նախնիները»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ հակամարտության մեջ կան բազմաթիվ նրբություններ, և հայկական կողմի առաջարկն է նստել սեղանի շուրջ, նստել հակամարտության բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները: «Եվ պետք է համաձայնել, որ խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին: Համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է՝ այնպես ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետություններին, ժողովուրդներին: Եվ մենք հենց այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ինքը կցանկանար ունենալ հնարավորություն՝ դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ: Իհարկե, հիմա էլ կարող է, սակայն չի ուզում, որ դա լինի միակողմանի և հանկարծ որևէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: «Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդության միջև սկսվի և տեղի ունենա, քանի որ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է»,-եզրափակեց վարչապետը:

Facebook Forum

XS
SM
MD
LG